Մատչելիության հղումներ

Նախագահը մասնակցել է եկեղեցաշինության ոլորտում խոսքը գործ դարձրած Ծառուկյանի եկեղեցու բացմանը


Նախագահը մասնակցել է եկեղեցաշինության ոլորտում խոսքը գործ դարձրած Ծառուկյանի եկեղեցու բացմանը
please wait

No media source currently available

0:00 0:05:40 0:00

Երբ հարցը չի վերաբերում քաղաքականությանը, Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է դառնում։ Նոր Հաճընում այսօր բացվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը Ծառուկյանի մամուլի պատասխանատու Իվետա Տոնոյանի խոսքով՝ նրա հովանավորությամբ կառուցված յոթերորդն է։

Գագիկ Ծառուկյանը կատարում է Սերժ Սարգսյանի ցանկությունը՝ չի զբաղվում քաղաքականությամբ։ Ծառուկյանին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» համարած Սերժ Սարգսյանն ասել էր՝ որպես ՀՀ քաղաքացի ու գործարար նրա հետ կապված որևէ խնդիր չի տեսնում։ Նախագահն այսօր մասնակցեց Նոր Հաճընի եկեղեցու բացմանը։

Այսօր անվտանգության աննախադեպ միջոցառումներ էին իրականացվում տարածքում։ Բացմանը ներկա գտնվել ցանկացող մարդկանց եկեղեցուն արգելում էին մոտենալ Ոստիկանության պետական պահպանության ծառայության և Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները։ Ոչ միայն քաղաքացիների, այլև լրագրողների մուտքն արգելվեց եկեղեցի։

Գյումրեցի մի կին, այնուհանդերձ, կարողացավ մոտենալ Սերժ Սարգսյանին։ Հայաստանի նախագահը հորդորեց իրեն մոտենալ Գյումրի այցելելու ժամանակ, աշխատակիցներին էլ հրահանգեց վերցնել կնոջ տվյալները։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն օծեց եկեղեցին։ «Ազատություն»-ը նրանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ է, որ ժողովրդին պատրաստվում են ներս չթողնել։

«Չեմ կարծում, որ դռները պետք է փակվի, սակայն բնական է, որ այսքան ժողովուրդ եկեղեցում չի կարող տեղավորվել, և հավանաբար որոշ անձինք, ովքեր հրավիրված են, ովքեր հանգամանք են ներկայացնում, նրանց շարքում, բնականաբար, կլինեն հավատացյալներ»,- ասաց Գարեգին երկրորդը, ով կարծում է՝ հոգևոր կյանքի զարգացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար։

Նոր Հաճընի եկեղեցու բացման հրավիրյալների թիվը բավականին մեծ էր, բայց պաշտոնյաները շատ չէին։ Ներկա էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայիս ու նախկին անդամները, նաև կուսակցությունը Ծառուկյանի հետ լքածները, կուսակցության ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ներկա չէր Ծառուկյանի խնամին՝ Հովիկ Աբրահամյանը։ Վարչապետի մամուլի գրասենյակից փոխանցեցին, որ Աբրահամյանը երկրից չի բացակայում։

Նախարարների առատություն նույնպես չկար։ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էին Նոր Հաճընում, նաև՝ հանրապետական Մհեր Սեդրակյանը, ընդդիմադիրներից «Ժառանգության» ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, գործարար, 2008-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հետապնդվող Խաչատուր Սուքիասյանը։ Սամվել Ալեքսանյանը նույնպես Նոր Հաճընում էր, ասաց՝ պատրաստվում է եկեղեցի կառուցել։

Հավաքվածներից շատերն ասում էին, որ Նոր Հաճըն են հասել Երևանից՝ անվճար ավտոբուսներով։ Շատերի նպատակն էր այսօր նախագահ Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին հանդիպելը։ Մինչև բարձրաստիճան պաշտոնյաների հեռանալը լարվածությունը Նոր Հաճընում եկեղեցու տարածքում պահպանվեց։

Ըստ մամուլի՝ հյուրերը երեկոն շարունակելու են Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Այսօր նաև Ծառուկյանի կնոջ ծննդյան օրն է։

XS
SM
MD
LG