Մատչելիության հղումներ

Սահմանադրության նախագիծը «չի երաշխավորում քաղաքացու սեփականության իրավունքը»


Սահմանադրության նոր նախագիծը չի երաշխավորում քաղաքացու սեփականության իրավունքը, կարծում է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։

Գործող Սահմանադրության մեջ ամրագրված դրույթը, թե ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից՝ բացառությամբ դատական կարգով օրենքով նախատեսված դեպքերի, փոփոխված Սահմանադրության մեջ տեղ չի ունենա։ Դրա փոխարեն երկրի մայր օրենքը կսահմանի՝ անձի սեփականությունը օրենքով սահմանված դեպքերում ծառայում է նաև հանրության շահերին։

«Այնպիսի լղոզված հոդված է գրված, որը հնարավորություն է տալիս կառավարությանը ցանկացած օյինբազություն խաղալ քաղաքացու գլխին։ Իմ կարծիքով՝ սա արվել է, որպեսզի պետությունը շարունակի քաղաքացիների սեփականությունը հեշտությամբ օտարել»,- ասաց Բաղդասարյանը։

Ավելի քան տասը տարի օտարման գործընթացի բոլոր փուլերով անցած, վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատը շահած Բաղդասարյանը, համեմատելով գործող Սահմանադրությունն ու առաջարկվող փոփոխությունները, ասում է՝ սեփականության իրավունքի մասով հետքայլ է սահմանվել։

«Գործող Սահմանադրության 31-րդ հոդվածը ամբողջությամբ համապատասխանում է Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածին։ Դրան ձեռք տալ պետք չէր։ Շահ ունեն, դրա համար են ձեռք տալիս»,- ասում է նա։

Իրավաբան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ևս սեփականության իրավունքի առումով հետընթաց է տեսնում սահմանադրության նախագծի մեջ՝ շեշտելով՝ առաջարկվող փոփոխությունները հակասում են սեփականության իրավունքի էությանը:

«Անձը սեփականատեր է, և սեփականությունից կարելի է զրկել բացառապես ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա»,- շեշտում է իրավաբանը։

Զեյնալյանի խոսքով՝ փոփոխություններով Սահմանադրությունը ցանկանում են հարմարեցնել գործող հակասահմանադրական պրակտիկային, երբ վարչական ակտերը, այսինքն՝ տարբեր տույժերն ու տուգանքները միանգամից ուղարկվում են դատական ակտերի հարկադիր կատարողներին.- «Սա նշանակում է՝ սահմանադրականացվում է, օրինականացվում է այն վիճակը, որն այսօր կա, երբ վարչական ակտերը ուղարկվում են ԴԱՀԿ՝ միանգամից կատարման։ Սեփականազրկումն իրականացվում է ոչ թե դատական ակտի հիման, այլ ինչ-որ մեկի հրահանգի հիման վրա»։

Սեփականության մասով իրավապաշտպանը ևս մի մտահոգիչ կետ է առանձնացնում առաջարկվող սահմանադրական փոփոխություններում, որը վերաբերում է հողի սեփականության իրավունքին։ Գործող Սահմանադրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները չեն կարող հողի սեփականատեր լինել, բացառությունները օրենքով նախատեսված դեպքերն են: Սահմանադրության նոր տարբերակում ձևակերպումն այլ է՝ հողի նկատմամբ օտարերկրացիների իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Զեյնալյանը նկատում է.- «Այս նոր Սահմանադրության մեջ ասվում է՝ եթե արգելող օրենք չկա, ուրեմն օտարերկրյա քաղաքացիները կարող են ունենալ հողի սեփականության իրավունք։ Կարող են գալ, կտոր-կտոր հողը առնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG