Մատչելիության հղումներ

Վարչապետ. Հայաստանը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Վերջին տարիներին էներգետիկ համակարգը գտնվում է բարդ ֆինանսական վիճակում, ինչն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ, այսօր ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսի ժամանակ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետն ասել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, գնաճային երևույթները, փոխարժեքի տատանումները, կլիմայական անբարենպաստ պայմաններն այն գործոններն են, որոնք ֆինանսական խնդիրներ են առաջացրել էներգետիկ համակարգում:

«Մենք իրականացնում ենք համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաև շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայում», - ընդգծել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով, էներգետիկ համակարգի բարելավման, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների կրճատման նպատակով իրականացվում են սակագների ձևավորման սկզբունքների և մեխանիզմների արդիականացման և իրատեսական էներգահաշվեկշիռների ապահովման աշխատանքներ:

«Հանրապետության ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան: Այդ նպատակով մենք ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին որոշում ենք կայացրել: Այժմ այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, ստորագրվել է անհրաժեշտ ֆինանսական համաձայնագիրը, որը վավերացվել է նաև Ազգային ժողովի կողմից: Միևնույն ժամանակ, շարունակվում են բանակցությունները հնարավոր ներդրողների հետ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։

Նա իր ելույթում նաև նշել է. - «Կառավարությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ պատրաստել է մինչև 2036 թվականի էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որում ներառված են տարբեր հզորությունների զարգացման հնարավորությունները, ներառյալ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների, տարածաշրջանային ինտեգրումն ապահովող ենթակառուցվածքների զարգացումը, օգտագործման ռեսուրսը սպառած էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների վերակառուցումը, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարումների հուսալիությունը բարձրացնող այլ միջոցառումներ»։։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG