Մատչելիության հղումներ

«Օգնության նավը» և «Սննդամթերքի բաժանում» կտավները նույնիսկ փոխադարձ խայթոցների, երբեմն՝ վիրավորանքների տեղիք են տվել։

Ռուսաստանին ամերիկյան օգնություն տրամադրելու թեմայով աշխարհահռչակ ծովանկարիչ, հայազգի Հովհաննես Այվազովսկու երկու կտավները այս տարվա գարնանից ռուս-ուկրաինական բլոգերական հարթակում մեկնաբանությունների, փոխադարձ խայթոցների, երբեմն` վիրավորանքների տեղիք են տվել։

1891-1892 թվականներին ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն է տրամադրել սովահար Ռուսաստանին։ 1892 թվականին Այվազովսկին երկու կտավ է նկարել՝ մեկը կոչվում է «Օգնության նավը», ըստ որոշ աղբյուրների` նախնական անվանումը եղել է «Հացով բեռնված «Միսուրի» շոգենավի ժամանումը Ռուսաստան», մյուսը կոչվում է «Սննդամթերքի բաժանում»։

Երկրորդ կտավը Այվազովսկու ոճին այնքան էլ բնորոշ չէ. ռուսական ավանդական տրոյկան, օգնությունով բեռնված, ընթանում է գյուղի փողոցով, սայլի վրա ռուս գեղջուկը հպարտ բարձրացրել է Միացյալ Նահանգների դրոշը, փողոցի երկու կողմերում խմբված մարդիկ ողջունում են, թափահարում գլխարկները, գլխաշորերը, աղոթում։

Ամերիկա իր այցի ընթացում Այվազովսկին այս նկարները նվիրել է Վաշինգտոնի «Քոր Քորան գալերի» պատկերասրահին։ Կտավների հետ կապված հետաքրքիր պատմություն կա Սոթբիի աճուրդի կայքում. այս աճուրդում նկարները մոտ տասը տարի առաջ վաճառվել են 2 միլիոն 400 հազար դոլարով, և կայքում ներկայացված է նկարների պատմությունը՝ երբ է Այվազովսկին դրանք նկարել, երբ է նվիրել ամերիկյան պատկերասրահին։ Կայքում նաև այսպիսի դրվագ կա՝ 20-րդ դարում՝ կարիբյան ճգնաժամի տարիներին, 1961-64 թվականներին նկարները ցուցադրվել են Սպիտակ տանը՝ ընդգծելու համար ամերիկացիների բարեկամական վերաբերմունքը ռուս ժողովրդի նկատմամբ։

Հիմա այս նկարների հետ կապված արդիական մեկնաբանությունները. Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը, Ղրիմի բռնազավթումը, որտեղ ապրել և ստեղծագործել է մեծ նկարիչը, Արևմուտքի պատժամիջոցները և Մոսկվայի պատասխանը առիթ են դարձել այս նկարները հիշելու և տարբեր հոդվածների ներքո կամ սոցցանցերում մեկնաբանություններ թողնելու համար։

«Հիմա Պուտինը թույլ չի տալիս պարենի ներմուծումը արտասահմանից։ Ցանկանում է, որ Ռուսաստանի ամբողջ բնակչությունը շունչը փչի իր պատճառով», - ասված է մեկնաբանություններից մեկում։

Մեկ այլ գրառում. - «Ամերիկացիների կառավարությունը Ռուսաստանին հիմա ներքաշում է սառը պատերազմի մեջ միայն նրա համար, որ Ռուսաստանը անկախ քաղաքականություն է վարում»։

Մեկ ուրիշ բլոգեր հիշեցնում է. - «Երկու համաշխարհային պատերազմներում Միացյալ Նահանգները և Ռուսաստանը դաշնակիցներ էին»։

Մեկ այլ գրառման մեջ էլ ասվում է. - «Կարծում եմ՝ ամերիկացիները նույնպես ճիշտ են համարում Ռուսաստանի կառավարությանը պատժելը՝ հարևան պետության տարածքը խլելու համար»։

«Հիշեցում, որ Այվազովսկին ծնվել և ապրել է ռուսական Ղրիմո՞ւմ», - հարցնում է մեկ ուրիշը։

Մեկ այլ օգտատեր էլ նշում է. - «Այո՛, հնարավոր է՝ այս նկարների սյուժեն նորից արդիական դառնա»։

XS
SM
MD
LG