Մատչելիության հղումներ

Ավելի շատ պետք է մտահոգվենք Էրդողանի վտանգավոր գործողություններով, քան նրա խելացնոր պատմություններով


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին լիովին կորցրել է իր հեղինակությունը բազմաթիվ արտառոց պնդումներ անելու պատճառով:

Օրինակ՝ անցյալ տարի Ստամբուլ այցելած մի խումբ լատինամերիկյան մահմեդականների Էրդողանը ասաց, թե մահմեդական ճանապարհորդներն են հայտնաբերել Ամերիկան Քրիստափոր Կոլումբոսից ավելի քան 300 տարի առաջ:

«Պնդում են, որ Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկա մայրցամաքը 1492 թվականին: Իրականում, մահմեդական նավաստիները հասել էին ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին.... Իր հուշագրություններում Քրիստափոր Կոլումբոսը նշում է Կուբայի ափամերձ բլրի վրա մզկիթի առկայության մասին: Այդ բլրի վրա մզկիթն այսօր շատ տեղին կլիներ»:

Երբ մարդիկ ամբողջ աշխարհում ծաղրուծանակի ենթարկեցին նախագահի անհիմն պնդումը, թուրք լրագրող Օրեյ Էգինը պարզաբանեց, որ Էրդողանը լրիվ խեղաթյուրել է այն, ինչ Կոլումբոսը գրել էր իր հուշերում՝ Կուբայում սարի գագաթը համեմատելով «մի գեղեցիկ մզկիթի» հետ: Թուրքիայի ղեկավարը սխալմամբ եզրակացրել է, թե Կոլումբոսը տեսել էր մահմեդական նավաստիների կառուցած մզկիթը...

Էրդողանին ծաղրող բազմաթիվ կատակներից մեկում, ինչ-որ մեկը հեգնանքով պնդել է, թե տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգն իր ինքնակենսագրականում գրել է. - «Երբ մենք իջանք Լուսնի վրա, տեսանք մի հոյակերտ շենքի ավերակներ: Ես ու Բազ Օլդրինը շշմեցինք, երբ մոտեցանք այդ ավերակներին: Դա խնամքով կառուցված մի օսմանյան փոքրիկ մզկիթ էր: Երբ վերադարձանք երկիր, NASA-ն (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալություն) և ամերիկյան կառավարությունը մեզ հանձնարարեցին այդ մասին լռել»:

Թուրքիայի ղեկավարին վերագրվող նման տարօրինակ հայտարարությունները շարունակում են հայտնվել համացանցում: Հաշվի առնելով Էրդողանի` հիմար պատմություններ հորինելու սովորությունը, շատ մարդիկ հակված են հավատալու այն ամենին, ինչ կարդում են նրա մասին:

Ահա մի թարմ օրինակ. - «Օսմանցիներն առաջինն են հասել Լուսին, ասում է Թուրքիայի նախագահը», - գրում է Բարբարա Ջոնսոնը «Վորլդ նյուզ դեյլի ռիփորթ» թերթում (World News Daily Report): Նա մեջբերել է Էրդողանի խոսքերը. - «Ասում են, թե Նիլ Արմսթրոնգն առաջին մարդն էր, որ 1969 թվականին ոտք դրեց Լուսնի վրա: Իրականում, մահմեդական տիեզերական ճանապարհորդներն են հասել այնտեղ դրանից 334 տարի առաջ՝ 1635 թվականին: Բոլորը գիտեն հայտնի օդաչու Լագարի Հասան Չելեբիի՝ «օսմանյան տիեզերագնացի» մասին, ով առաջին հաջող հրթիռային թռիչքը կատարեց 1633 թվականին: Միգուցե դուք չգիտեք, որ երկու տարի անց նա փորձեց հասնել Լուսին, ինչը հնարավոր է բարեհաջող ավարտ է ունեցել»:

Ըստ թուրքական դիցաբանության, առասպելական օսմանյան օդաչու Լագարի Հասան Չելեբին 1633 թվականին 7-թևանի հրթիռ է արձակել՝ օգտագործելով մոտ 60 կգ վառոդ: Թռիչքից առաջ նա բացականչել է. - «Օ՜ իմ սուլթան, օրհնյա՛լ լինեք, ես գնում եմ Հիսուսի հետ զրուցելու»: Հրթիռի՝ ծովի վրա վայրէջք կատարելուց հետո Չելեբին իբր լողալով հասել է ափ և ասել. - «Օ՜ իմ սուլթան, Հիսուսն իր ողջույնն է ուղարկում Ձեզ...»:

Լրագրող Ջոնսոնը շարունակել է իր տարօրինակ պատմությունը. - «Նախագահ Էրդողանի զարմանալի հայտարարությունը որոշ շշնջոց և քմծիծաղ առաջացրեց դահլիճում, և նման արձագանքը զայրացրեց թուրք քաղաքական գործչին: Նա խստորեն քննադատեց թերահավատներին իրեն ծաղրելու համար՝ հավելելով, որ շուտով իր խոսքերը հաստատող ապացույցներ կներկայացնի. - «Ինչո՞ւ չեք հավատում: Որովհետև երբեք չեք հավատացել, որ որևէ մահմեդական ունակ է նման բան անել.... Հնարավոր է, որ NASA-ն ոչնչացրել է օսմանյան հաջողության բոլոր իրեղեն ապացույցները «Ապոլոն-11» առաքելության ժամանակ, բայց մենք կփորձենք որևէ թաքցված վկայություն գտնել»:

Իհարկե, Ջոնսոնի գրածը ճիշտ չէր: Էրդողանը երբեք այդ խոսքերը չի արտասանել: Սակայն հետաքրքիր է, որ շատ թուրքեր հավատացին այս կեղծ պատմությանը և հետևյալ մեկնաբանությունները տեղադրեցին՝ արձագանքելով Ջոնսոնի հոդվածին.

- Ալի Էմրե Դեմիր. - «Ցավոք, նա մեր նախագահն է»:

- Բերքայ. - «Սարսափելի է, երբ դու ապրում ես այդ երկրում և ականատես ես լինում այդ մարդու արածներին ու տեսնում, թե նա ինչքան շատ աջակիցներ ունի: Խայտառակություն է»:

- Դենիզ. - «Խեղճ թուրք աշխարհիկ ժողովուրդ... Այս Թայիփը Թուրքիայի ամոթն է»:

- Հուսեյն. - «Դուք չեք կարող պատկերացնել, թե մենք ինչքան ենք տառապում: Նա դաժան բռնապետ է.... Նա ամբողջովին անագանք է մեզ համար»:

Իրոք, Էրդողանը մեծ խայտառակություն է միլիոնավոր թուրքերի համար, որոնք ամաչում են, որ նման նախագահ ունեն: Ցավոք, Թուրքիայի նախագահի գործողություններն ավելի անողոք են, քան նրա խոսքերը. նա ազատազրկում է լրագրողներին, հրամայում կրակել քաղաքացիական ակտիվիստների վրա, դատի է տալիս նրանց, ովքեր համաձայն չեն իր հետ, թաքցնում է կոռուպցիայի միջոցով ձեռք բերված միլիոնավոր դոլարները, աշխատանքից ազատում է դատավորներին և իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց, որոնք հրաժարվում են կատարել նրա ապօրինի հրահանգները, և աջակցում է «Իսլամական պետության» ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք:

Միջազգային հանրությունը պետք է ավելի շատ մտահոգվի Էրդողանի սարսափելի գործողություններով, այլ ոչ թե նրա զառանցանքներով...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG