Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների»-ն կոչ է անում հրաժարվել Խանումյանին ներկայացված մեղադրանքից


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը վրդովված է, որ «Իլուր» պարբերականի խմբագիր Քրիստինե Խանումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է կատարել դատարանի որոշումը և բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Խոսքը ոստիկանի լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ ռեպորտաժի մասին է, հիշեցնում է կազմակերպությունը:

«Սա առաջին անգամն է, որ Հայաստանում լրագրողին մեղադրանք է առաջադրվում տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու համար», - ասված է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում:

Այն արձանագրում է, որ Հայաստանի քրեական օրենսգրքի տվյալ հոդվածով Խանումյանին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում:

«Խանումյանի նկատմամբ այս հետապնդումը Հայաստանում լրատվամիջոցների ազատության առումով վտանգավոր նախադեպ է հանդիսանում», - ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Յոհան Բիրը:

Նա հիշեցրել է, որ աղբյուրի գաղտնիությունը էական պայման է լրագրողների ազատության համար: «Որպես այդպիսին, դա պաշտպանվում է և՛ հայկական օրենսդրությամբ, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճռով», - հայտարարել է Բիրը՝ կազմակերպության անունից կոչ անելով քննչական մարմնին «անմիջապես հրաժարվել այս մեղադրանքից»:

Քրիստինե Խանումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ չի փոխվել․ տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտելու․ - «Մեր կարծիքը մնում է նույնը, որովհետև ուղղակի կարծիք չի դա, պատասխանատու լրատվամիջոցի դիրքորոշում է․ մենք չենք կարող հարվածի տակ դնել ոչ միայն մեր աղբյուրին, այլ նաև ընդհանրապես խոսքի ազատության սկզբունքները Հայաստանում և նախադեպ ստեղծել, որ մյուս լրատվամիջոցներն էլ վաղը կանգնեն նման խնդրի առաջ»:

«Ինձ թվում է, այդ մասին պետք է մտածեն իշխանությունները և մասնավորապես Քննչական կոմիտեն, որովհետև իրենք են էդ ամբողջ աբսուրդը սկսել: Իրենք պետք է մտածեն՝ արդյոք իրենց պե՞տք էր մտնել նման գլխացավանքի մեջ, թե՞՝ ոչ, որովհետև մենք գիտենք, որ ինչ անում ենք՝ օրենքի սահմաններում ենք անում», - ասաց խմբագիրը:

Ավելի վաղ Խանումյանին ներկայացված մեղադրանքի առնչությամբ մտահոգություն էր հայտնել մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

XS
SM
MD
LG