Մատչելիության հղումներ

Թանգարանը ստեղծվում է իրանահայ հայտնի նկարիչ Մարկոս Գրիգորյանի նվիրած հավաքածուի հիման վրա:

Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի փոխանցմամբ, թանգարանը հիմնադրման օրվանից ամբարում է, պահպանում մեր մեծերի կյանքին ու ստեղծագործությանն առնչվող հսկայական քանակությամբ նյութեր և դրանք դնում գիտական շրջանառության մեջ:

«Ազատության» հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մեր արվեստի, մշակույթի, գրականության երևելի գործիչների արխիվային մեծ քանակի նյութեր կան, որոնք ի վերջո կարող են պահպանվել Հայաստանի թանգարաններում:

Հարցին, թե արդյոք, մասնավորապես, իրենց թանգարանը ունի անհրաժեշտ տարածքներ մեծ քանակությամբ նյութը պահպանելու, մշակելու, ցուցադրելու համար, Վարդանյանն արձագանքեց․ - «Տարածքի սղության խնդիրը բոլոր մեծ թանգարաններին է բնորոշ: Իհարկե, այդ խնդիրը ամենից ավելի մեզ մոտ է առկա: Որովհետև խոսքը մոտ մեկուկես միլիոն միավոր հավաքածուի մասին է․․․ Ընդ որում, երբ ասում եմ միավոր, կարող է մեկ միավոր լինել, ենթադրենք, հազար էջանոց ձեռագիր»:

Նա շարունակեց․ - «Փոխարենը, մեր թանգարանը հանդես է գալիս որպես մայր թանգարան, ստնտու թանգարան տասնյակ տուն թանգարանների համար»:

Ամռան ամիսները թանգարանների և նրանց աշխատակիցների համար աշխատանքային ամենաեռուն ժամանակաշրջանն են, որովհետև գոնե Գրականության և արվեստի թանգարանի մարզային 4 մասնաճյուղերն ամռանն անընդհատ դպրոցականների են հյուրընկալում: Դսեղում Թումանյանի տուն թանգարանը, Գորիսում Բակունցի տուն թանգարանը, Աշտարակում Պերճ Պռոշյանի և ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանի թանգարանները, Երևանում գործող Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարանը․ բոլորը Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղերն են:

«Առաջիկայում նախատեսվում է Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանը ներառել մեր թանգարանի կազմի մեջ: Դա Կապուտիկյանի տուն թանգարանի աշխատակազմի ցանկությունն է, որը արտահայտվել է Հոգաբարձուների խորհրդի համապատասխան նիստով և արձանագրությամբ»:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսից, նաև այս տարի բացված այլ ուշագրավ ցուցահանդեսներից հետո աշնանը կբացվի իրանահայ հայտնի նկարիչ Մարկոս Գրիգորյանի նվիրած հավաքածուի հիման վրա ստեղծված «Միջին Արևելքի արվեստ» թանգարանը, որի ղեկավար Զառա Մոկացյանի խոսքով, ցուցադրության մեջ, բացի Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքներից, ներառված կլինեն հավաքածուի լավագույն ցուցադրանմուշները՝ պարսկական և հայկական հնագիտական իրեր, միջնադարյան ձեռագրեր, իրանական մանրանկարչություն, ուշ միջնադարյան ղաջարական կերպարվեստի նմուշներ, ազգագրական իրեր:

XS
SM
MD
LG