Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետ․ Խորհրդարանում կարող է ձևավորվել «անկառավարելի և անվերահսկելի» մեծամասնություն


Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը լուրջ ռիսկեր է տեսնում Սահմանադրության նախագծում խորհրդարանի կայուն մեծամասնությանը և ընտրությունների երկրորդ փուլին վերաբերող դրույթներում:

Սրանք այն դրույթներն են, որոնք, ինչպես հայտնի է, լրջորեն մտահոգել են նաև ընդդիմադիրներին: Նրանք պնդում են, որ սա պառլամենտարիզմի պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ այդ դրույթները կոչված են խորհրդարանում «երաշխավորել Հանրապետական կուսակցության ապահովագրված մեծամասնությունը ցանկացած պարագայում»:

«Դա վտանգավոր կլինի, որովհետև մենք չունենք քաղաքական մշակույթ, այն մշակույթը, որ անհրաժեշտ կլինի նման կայուն մեծամասնությանը զսպելու [համար]: Ունենալով անցած քսան տարվա ժառանգությունը, ունենալով «Հաղթողին՝ ամեն ինչ» լոզունգը մեր թիկունքում, ունենալով ժողովրդավարության որոշ նվաճումները, բայց նաև լուրջ խնդիրներ՝ ես կարծում, որ շատ ռիսկային է երկրորդ փուլի անցկացումը և կայուն մեծամասնության ձևավորումը: Ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ ուղղակի այն կուսակցությունները, որ հինգ տոկոսը հաղթահարում են, այդ կուսակցությունները հենց ձևավորեին պառլամենտը և ձևավորեին մեծամասնությունը: Թեև դա թող չլինի կայուն մեծամասնություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը՝ պարզաբանելով, թե որոնք են ռիսկերը․ - «Անընդհատ կարող են ճգնաժամեր լինել, որովհետև գաղտնիք չէ, որ քաղաքական դաշտում ընդունված են մանիպուլյացիաները, մարդ կարող է ոչ թե գիտակցությամբ քվեարկել, ոչ թե սրտով քվեարկել, այլ կարող է կոնյունկտուրայով քվեարկել: Եվ նման բաներ մենք շատ ենք տեսել»:

«Նման թույլ ավանդույթներ ունեցող երկրում», - շարունակեց նա, - «փոքր-ինչ ռիսկային է, որ կընկնենք այլ ծայրահեղության գիրկը. կունենանք բացարձակ անկառավարելի, անվերահսկելի, հանրային վերահսկողությունից դուրս մեծամասնություն»:

Ըստ Ղազարյանի, նախագծում կան դրույթներ, որոնք որոշ դեպքերում խորհրդարանի փոքրամասնությանը հաջողության հասնելու հնարավորություն տալիս են, բայց պետք է հստակեցվի, թե արդյոք դրանք կարող են բավարար հակակշիռ լինել կայուն մեծամասնությանը. - «Եթե բավարար չեն, ուրեմն դա ռիսկային է»:

«Ազատության» զրուցակից իրավապաշտպաններն ավելի հոռետես էին սահմանադրական փոփոխությունների հարցում։ Վարդան Հարությունյանն ասաց. - «Փոփոխված Սահմանադրությամբ Հայաստանում այս նույն խնդիրները երկրում մնալու են, որովհետև քաղաքական իշխանությունները չեն պատրաստվում փոխվել՝ իրենց մտածողությամբ հանդերձ: Քանի կա այդ մտածողությունը, քանի կան այս իշխանավորները, այս իշխանությունը, այս մտածողությամբ, մենք ունենալու ենք այս խնդիրները»:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի համոզմամբ՝ երկրի գլխավոր օրենքը փոխելու հանրային պատվեր այսօր գոյություն չունի. գոյություն ունի Բաղրամյան 26-ի պատվերը: Ուստի ինքը լուրջ չի վերաբերվում նախագծի դրույթների քննարկումներին. - «Հանրությունը ունի բազմաթիվ ուրիշ պատվերներ՝ սոցիալական խնդիրները մեղմելու, կոռուպցիային վերջ տալու, արտագաղթը նվազեցնելու և այլն: Այս ամբողջի հետ կապված, կարծես թե, Բաղրամյան 26-ը մատը մատին չի տալիս: Դրա փոխարեն նստած ինչ-որ թղթեր է գրում, քննարկում է, տարիուկես մեր փողերով ինչ-որ պաշտոնյաների է պահում, հանձնաժողով է պահում, Գագիկ Հարությունյանին է ուղարկում ինչ-որ ելույթներ ունենալու և այլն»:

Հիշեցմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, Բարսեղյանը հակադարձեց․ - «Բայց պատվիրատուն ինքն է, ինքն է նախաձեռնել այս ամբողջը: Ես հո չե՞մ ասում, որ անձամբ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար է սա: Ես ասում եմ՝ Սերժ Սարգսյանի կլանի իշխանությունը երկարաձգելու համար է սա: Տարբեր բաներ են։ Իսկապես ինքը կարող է իշխանություն չլինի կամ չուզենա լինել: Բայց որ ստեղ սարքելու է իր կլանի իշխանական երկարակեցությունը ապահովելու մեխանիզմ, ակնհայտ է: Այս իշխանությունը գիտի, որ ինքը բազմաթիվ հանցագործությունների պատասխանատուն է, և իր համար իշխանությունը կորցնելը մահվան և ոչնչացման նման մի բան է: Սրանք ակնհայտորեն գիտեն, որ լրջագույն պատասխանատվության հարցեր են ծագելու այն բանից հետո, երբ իրենք իշխանությունը կկորցնեն»:

XS
SM
MD
LG