Մատչելիության հղումներ

logo-print

Կյուրեղյանի գործով դատը հետաձգվեց․ տուժողներից մեկն արձակուրդում էր


Հայկ Կյուրեղյանը դատարանի շենքի մոտ կրակում է օդամղիչ ատրճանակից, Երևան, 12-ը հունիսի, 2015թ․

Հայկ Կյուրեղյանը դատարանի շենքի մոտ կրակում է օդամղիչ ատրճանակից, Երևան, 12-ը հունիսի, 2015թ․

Դատարանն այսօր որոշեց հետաձգել Հայկ Կյուրեղյանի գործով մեղադրական ճառի հրապարակումը:

Չորս տուժողներից մեկը՝ Քրիստինե Սարդարյանը արձակուրդում լինելու պատճառով չէր ներկայացել դատին, սակայն նա պետք է քաղաքացիական հայց ներկայացներ Կյուրեղյանի դեմ: Այդ պատճառով դատավորը որոշեց հետաձգել մեղադրական ճառի հրապարակումը և հետաձգել դատական նիստը:

Հայկ Կյուրեղյանին դատարան չէին բերել: Նա անցյալ տարվա դեկտեմբերից հեռացվել է դատական նիստերի դահլիճից անհարգալից վերաբերմունքի համար:

Անժելա Հոբոսյանը, ով որպես փաստաբան ներկա է լինում դատերին, սակայն չի ներկայացնում Կյուրեղյանին, նշեց, որ դատախազը կարող էր ճառել, ինչից հետո միայն կարող էին հետաձգել դատը: Նա դատարանի գործողությունները «անօրինական» որակեց:

«Էդպես, որ առաջին նիստից հետո, մինչև ճառերի փուլը անձը չմասնակցի ու նրա շահերը ոչ ոք չներկայացնի, էդպիսի բան երևի պատմության մեջ չեմ հիշում: Ես խորհրդակցում եմ մեր փաստաբանների հետ, ոչ ոք նման դեպք չի հիշում», - ասաց Անժելա Հոբոսյանը:

Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը դատավարությունը քաղաքական հետապնդում որակեց․ - «Քանի որ Հայկ Կյուրեղյանը քաղաքական հարց է բարձրացրել, քաղաքական ակցիա է արել»:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հունիսին Շանթ Հարությունյանի և համախոհների գործով դատավարության առաջին օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց Կյուրեղյանը բարձրացել էր կայանված մեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Նա հայտարարել էր, թե Շանթին դատում են քաղաքական հայացքների համար, և ինքը փորձելու է խափանել նիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG