Մատչելիության հղումներ

Վերաքննիչը կալանքի տակ թողեց Արա Բուդաղյանին


Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյան, արխիվ
Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյան, արխիվ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը և ուժի մեջ թողեց Վարչական դատարանի՝ Բուդաղյանին երկու ամսով կալանավորելու որոշումը։

Ազգային անվտանգության ծառայությունը, հիշեցնենք, հուլիսի 5-ին մեղադրանք առաջադրեց Արա Բուդաղյանին՝ մեղսագրելով նրան շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի դրդելը, իսկ առաջին ատյանի դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով ևս երեք անձ կա ձերբակալված։ Ավելի վաղ փաստաբանն ասել էր, որ, գործի մեջ որևէ տող չկա, թե ինչպես է Արա Բուդաղյանը Սյունիքի մարզպետի մահափորձի գործով անցնող մյուս երեք անձանց դրդել զինված հարձակում իրականացնելու մարզպետի ավտոմեքենայի վրա:

«Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները դեռ չունեմ գրավոր տեսքով, որոշումը ինձ դեռ չի հանձնվել։ Ընդամենը եզրափակիչ մասը հրապարակվեց, որ բողոքը մերժել։ Բայց չի կարող որևէ պատճառաբանություն լինել իրականում, որովհետև գործի մեջ չկա այդպիսի [Արա Բուդաղյանին կալանքի տակ պահելու] հիմք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալումյանը։

Նա նշեց, որ հաջորդ քայլով դիմելու է Վճռաբեկ դատարան՝ զուտ հայաստանյան պետական ատյանները սպառելու համար։ «Այսօր մեր Վճռաբեկ դատարանը միակ ատյանն է, որ մենք պարզապես սպառում ենք՝ դրա հետ ոչ մի հույսեր չունենալով, այսպես կոչված՝ սպառման ատյան, և հետո կդիմենք Եվրոպակա դատարան», - ասաց Ալումյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG