Մատչելիության հղումներ

Քարիմովը վրդովվել է՝ ազգային հեռուստատեսությամբ իր այցի մասին ռեպորտաժ չտեսնելով


Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմով, հուլիս, 2015թ․

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմով, հուլիս, 2015թ․

Ուզբեկստանի նախագահի հրամանով աշխատանքից հեռացվել է երկրի ազգային հեռուստառադիոընկերության ղեկավարի տեղակալ Օլիմ Տոշբոևը:

Իսլամ Քարիմովը ֆերմերային տնտեսություն կատարած այցից վերադարձել է և պարզել, որ այդ մասին պատմող ռեպորտաժ իր նախընտրած հեռուստաընկերության եթերում չկա:

Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը, նախագահ Քարիմովը այցելել էր Ուզբեկստանի Կասբյան շրջանում գտնվող «Կամոլ սուլտոն» կոչվող ֆերմերային տնտեսություն՝ ծանոթանալու սոցիալ-տնտեսական բարեփոխումներին: Սպասվում էր, որ նախագահի այցի մասին երկրի ազգային հեռուստաընկերությունը կպատմի հենց նույն օրը, մինչդեռ նախագահը տուն է վերադարձել, միացրել հեռուստացույցը և հասկացել, որ «Ախբորոտ» կոչվող լրատվական թողարկումը չի պատրաստվում իր մասին լուր հաղորդել լսարանին:

Երկիրը երկու տասնամյակից ավելի ղեկավարող Իսլամ Քարիմովը վերջին տարիներին հազվադեպ է հայտնվում հանրության աչքում: Ըստ որոշ լուրերի՝ 77-ամյա նախագահը սրտի ինֆարկտ է տարել, ինչից հետո լիովին չի վերականգնվել:

Թեև երկրում գործող մի քանի տասնյակ պետական և մասնավոր հեռուստաընկերությունները լայնորեն լուսաբանել են նախագահի հազվադեպ այցը, սակայն Քարիմովը այդ պահին ցանկացել էր Ազգային հեռուստաընկերության էկրանից տեսնել իրեն:

«Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քարիմովի մասին պատմող ռեպորտաժը ստուգում չի անցել և այդ պատճառով էլ եթեր չի գնացել: Տոշբոևը, ով պետք է անձամբ գրաքններ ռեպորտաժը, անսպասելիորեն տուն էր գնացել», - «Ազատության» ուզբեկական ծառայության հետ զրույցում փոխանցել է հեռուստաընկերության աշխատակիցը՝ հավելելով, որ այդ պատճառով մեծ աղմուկ է բարձրացել, և հեռուստաընկերության ղեկավարի տեղակալին հեռացրել են աշխատանքից՝ նրա արարքը որակելով «քաղաքական սխալ»:

Ուզբեկստանի նախագահի լրատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է: Անցյալ տարի BBC-ի հետ բացառիկ զրույցում Քարիմովի թոռը պատմել էր, որ տատը պապին՝ Իսլամ Քարիմովին արգելել է համացանցով հետևել լուրերին և առհասարակ օգտվել ինտերնետից: «Մի անգամ նա ինձ ասել էր, որ իրեն համակարգիչ է պետք, քանի որ ուզում է համացանցին միանալ: Տատիկը, լսելով այդ խոսակցությունը, ինձ մի կողմ կանչեց և սկսեց նախատել, ասելով՝ «պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կարող է կատարվել, երբ նա ամեն ինչի մասին սկսի կարդալ և իմանալ, ի՞նչ եք անելու մենք այդ ժամանակ», - պատմել էր կրտսեր Քարիմովը:

XS
SM
MD
LG