Մատչելիության հղումներ

Թուրք դիվանագետ. «Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները»


Թուրքիա - Սուրբ Նշան հայկական եկեղեցին Ստամբուլում, 19-ը հունիսի, 2015թ.
Թուրքիա - Սուրբ Նշան հայկական եկեղեցին Ստամբուլում, 19-ը հունիսի, 2015թ.

«Աշխարհը փոխվում է, և հակամարտությունները տեղ չունեն մեր ժամանակներում», - ասել է Ունալ Չևիքյոզը։

«Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները հանուն ապագայի», - համոզված է թուրք դիվանագետ, Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան և նախկինում գործող Հայ - թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ Ունալ Չևիքյոզը:

«Աշխարհը փոխվում է, և հակամարտությունները տեղ չունեն մեր ժամանակներում։ Ես հավատում եմ մեր սերունդների ապագային, հավատում եմ մեր հարաբերությունների առաջընթացին», - նշել է թուրք դիվանագետը:

Չևիքյոզի խոսքով, նոր սերունդները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում, պատերազմ չեն տեսել և պատերազմ չեն ուզում ու արժանի են այլ ապագայի։

«Ես պապիկ եմ դարձել, և երբ նայում եմ թոռնիկիս, գիտակցում եմ, որ այդ փոքրիկ աղջնակն ավելի լավ ապագայի է արժանի», - ասել է դիվանագետը:

Նրա խոսքով, նախկինում հայ - թուրքական բանակցությունները հաջողությամբ չնշանավորվեցին, որովհետև կողմերը փորձում էին գաղտնի գործել, մինչդեռ այսօրվա աշխարհում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հրապարակայնորեն գործել:

«Եթե մեզ հաջողվի համոզել ժողովուրդներին, բացատրել, որ հարաբերությունների բարելավումը բարիք է, այդ դեպքում միայն մենք հաջողության կհասնենք», - ընդգծել է Ունալ Չևիքյոզը:

Անդրադառնալով հայ - թուրքական արձանագրություններին՝ դիվանագետն ասել է, թե Թուրքիայում նոր խորհրդարան ձևավորելուց հետո հնարավորություն է ստեղծվել արձանագրությունները խորհրդարանի օրակարգ մտցնել, ինչը կարող է արվել ոչ միայն խորհրդարանական կուսակցության, այլև անհատ պատգամավորի կողմից:

Չևիքյոզի խոսքով՝ ապագան կողմերի համար լայն հնարավորություններ է բացում, և հանուն ապագա սերունդների այդ հնարավորություններից անհրաժեշտ է օգտվել՝ հայ - թուրքական հարաբերությունները բարելավելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG