Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը վիճարկում է առաջարկվող Սահմանադրության առանցքային դրույթներից մեկը


Ընդդիմադիրները «խայտառակություն» են որակում նոր Սահմանադրության նախագծում մարդուն կյանքից զրկելը որոշ դեպքերում սահմանադրականացնող դրույթը՝ համոզմունք հայտնելով, որ դրանով նոր «Մարտի 1»-երը լեգիտիմացնելու հիմք է դրվում։

Սահմանադրության բարեփոխվող նախագծի 23-րդ հոդվածը վերաբերում է կյանքի իրավունքին. առաջին կետում նշվում է, որ «յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք», իսկ երկրորդ կետով սահմանվում է. - «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»։

Թե որ դեպքերում սպանությունը կարող է լինել բացարձակ անհրաժեշտություն, փաստաթղթում չի ասվում։

Նախագծի հեղինակները չեն կարծում, որ այս դրույթը կարող է կամայականությունների տեղիք տալ:

«Չի կարելի պնդել, որ մենք սպանությունը լեգիտիմացնում ենք ոչ օրինական նպատակներով», - լրագրողների հետ հանդիպմանը հիմնավորում էր սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Ի դեպ, գործող Սահմանադրության մեջ նման նորմ գոյություն չունի․ այն սահմանում է մարդու կյանքի անվերապահ իրավունքը։

Թե ինչով է պայմանավորված նոր Սահմանադրության մեջ այդ դրույթը ներառելու անհրաժեշտությունը, հեղինակները բացատրում են՝ եվրոպական կոնվենցիան էլ է որոշ դեպքերում կյանքից զրկելը թույլատրում, զարգացած երկրների մայր օրենքներում էլ դա կա։

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում հակադարձեց, թե արևմտյան զարգացած երկրներում ընտրությունները կեղծելու պատճառով ժողովուրդը փողոց դուրս չի գալիս և ոչ լեգիտիմ իշխանությունների դեմ չի պայքարում, այդ երկրներում ցուցարարներին սպանելու պրակտիկա չկա. - «Կենդանիներ են պաշտպանում, աշխատանքային իրավունքներ են պաշտպանում: Բայց ոչ իշխանություն ձևավորելու հետ կապված»:

Մարտիրոսյանի կարծիքով, և՛ այս դրույթը, և՛ առհասարակ Սահմանադրության ողջ նախագիծը միտված են մեկ խնդրի լուծմանը. - «Սերժ Սարգսյան և Հանրապետական կուսակցություն․ միասնական, երկարաժամկետ իշխանավարմանը»:

Իսկ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ «պետական մարմիններին տրվում է մի իրավունք»․ - «Իրենք առանց որևէ սահմանափակման, այն ժամանակ, երբ գտնեն, որ դա բացարձակ անհրաժեշտություն է, կարող են մարդուն զրկեն կյանքից: Սա մի խայտառակ բան է: Սա մարդասպանների Սահմանադրություն է»:

Այս նորմով իշխանությունները փորձում են սահմանադրական հիմքերի վրա դնել ինչպես ապագայում կատարելիք, այնպես էլ անցյալում կատարած հանցագործությունները, կարծում է ընդդիմադիր գործիչը՝ վկայակոչելով 2008-ի մարտի 1-ի չբացահայտված սպանությունները. - «Եթե ձեր Սահմանադրության մեջ նման բան չի եղել, ինչո՞ւ է ձեր մտքով անցնում նման դրույթ ավելացնելը: Ի՞նչն է ձեզ պակասում․․․ Ուրեմն, այնուամենայնիվ, հասկանում էին, որ Մարտի 1-ի սպանությունները հակասում էին սահմանադրական դրույթներին: Հիմա ետին թվով փորձում են ստեղծել մի միջավայր, որով հնարավոր լինի նման սպանությունները արդարացնել»:

Իրավապաշպան Վարդան Հարությունյանի համար մարդուն կյանքից զրկելը չունի որևէ արդարացում՝ ինչ հիմնավորումներ էլ որ բերվեն. - «Չեմ ցանկանում մտնել իրենց տրամաբանության մեջ և փորձել վերլուծել․․․ Ինձ համար դա ընդամենը արգելված թեմա է: Թույլ տալ որևէ մեկին, հասարակական որևէ ուժի, որևէ մարդու, որևէ կառույցի, որ ես հիմա իրավունք ունեմ սպանել մեկ մարդու կամ տասը մարդու կամ քսան մարդու՝ հանուն ամենավեհ գաղափարների անգամ, ես դա համարում եմ հանցագործություն»:

Ի դեպ, Սահմանադրության նախագծի հեղինակները ընդդիմախոսներին վստահեցնում են, որ փաստաթղթում ձևակերպումները վերջնական չեն․ հանրային քննարկումների արդյունքում դրանք կարող են փոփոխվել։

XS
SM
MD
LG