Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպել է Հայաստանի նախագահին ու վարչապետին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկկողմ ձևաչափով բանակցությունների ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և ընթացիկ համագործակցությանը, Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին: Հանրապետության նախագահը ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը:

Խոսելով Հունաստանի ճգնաժամի հաղթահարման գործընթացում արձանագրված որոշակի առաջընթացի մասին՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հարցը հնարավորինս արագ և կողմերի համար ընդունելի տարբերակով լուծման կհանգի:

Դոնալդ Տուսկը Սերժ Սարգսյանին խնդրել է ներկայացնել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման նպատակը և այդ գործընթացի վերաբերյալ նրա գնահատականը:

Բանակցությունների ընթացքում քննարկված թեմաները Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկը ամփոփել են մամուլի ասուլիսի ժամանակ:

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Այսօր Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, որի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում», - Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։

Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանում ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումները և նշել, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ԵՄ և ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հանձնառությունները ներդաշնակեցնելու նպատակով ստեղծվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

«Որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ համոզված եմ, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար այս տարածաշրջանում, և Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո ԵՄ-ն պատրաստակամ է նոր թափով շարունակել համագործակցությունը: Մենք նաև ձեր կողքին ենք բարեփոխումների ձեր օրակարգում, որը հավակնոտ է, և համոզված եմ, որ Ձեր անձնական հանձնառությամբ այն կյանքի կկոչվի», - իր հերթին, նշել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Իր հերթին Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և Եվրոպական միությունը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG