Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները և Կուբան վերաբացում են դեսպանատները Վաշինգտոնում և Հավանայում


Միացյալ Նահանգները և Կուբան վերաբացում են դեսպանատները Վաշինգտոնում և Հավանայում
please wait

No media source currently available

0:00 0:02:38 0:00

Միացյալ Նահանգներն ու Կուբան ավելի քան 50 տարվա դադարից հետո պաշտոնապես վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները։ Հավանայում և Վաշինգտոնում վերաբացելով դեսպանատները՝ կողմերը հույս ունեն անցյալում թողնել կես դար տևած թշնամանքն ու անվստահությունը։

Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող Կուբայի դեսպանատանը այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի երկկողմ բանակցություններից հետո կբարձրացվի Կուբայի դրոշը։ Կուբայի կառավարությունը խոստացել է ուղիղ հեռարձակմամբ երկրում հասանելի դարձնել այս միջոցառումը, որին ներկա կլինեն ավելի քան 500 հրավիրյալներ՝ դիվանագետներ, դերասաններ, Կուբայի հեղափոխության վետերաններ։

Հավանայում ամերիկյան դրոշի բարձրացում չի նախատեսվում։ Նախկինում ամերիկյան առաքելության շենքը դեսպանատուն կդառնա առանց պաշտոնական արարողության։ Այստեղ սպասում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի օգոստոսյան այցին։ Ի դեպ, Քերրին կլինի վերջին կես դարում ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով այցելում է Կուբա։

Իսկ մինչ այդ Հավանայում ամերիկյան առաքելության շենքը, ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ հսկում են տեղացի ոստիկաններ, իսկ շենքը շրջապատված է Կուբայի մի քանի տասնյակ հսկա դրոշներով, որոնք ժամանակին հատուկ տեղադրվել են այն քողարկելու նպատակով։ CNN-ի փոխանցմամբ՝ սպասվում է, որ առաջիկայում Կուբան կթուլացնի ամերիկյան դեսպանատան շենքի հսկողությունը, և կդադարեցվեն դեսպանատուն այցելող քաղաքացիների նկատմամբ հետապնդումները։ Այսուհետ ամերիկյան դեսպանատան այցելուների ստուգմամբ զբաղվելու է ամերիկյան կողմը։ Դեսպանատների բացմամբ ամերիկացի դիվանագետներն ու նրանց կուբացի գործընկերները Հավանայում և Վաշինգտոնում ազատ տեղաշարժի և հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպելու իրավունք են ստանում:

ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1961 թվականին, երբ հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ Ֆիդել Կաստրոն։ Հեղափոխական իշխանությունները օտարեցին մասնավոր հողատարածքները, ազգայնացվեցին շաքարի գործարանները և ամերիկացիներին պատկանող այլ ոլորտներ։ Կուբա-ԱՄՆ հարաբերությունների լարվածության գագաթնակետը հանդիսացավ Կարիբյան հրթիռային ճգնաժամը 1962 թվականին, երբ Խորհրդային Միությունը Կուբայում տեղադրեց միջուկային հրթիռներ, որոնց թիրախը Միացյալ Նահանգներն էր։

Երկու երկրների միջև սառույցը սկսեց հալվել անցյալ տարեվերջին։ Կողմերը հայտնեցին երկու երկրների պատմության մեջ նոր փուլ բացելու պատրաստակամության մասին: Օրեր առաջ Սպիտակ տանը իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, թե Կուբային մեկուսացնելու Միացյալ Նահանգների ջանքերը, հիմքում ունենալով լավ մտադրություններ, հաճախ հակառակ արդյունքի են հանգեցրել: Դրանցից են ստատուս քվոյի պահպանումը և Միացյալ Նահանգների մեկուսացումը հարևան երկրներից:

«Այսօրվա գրանցված առաջընթացը անցյալի շղթաներից ձերբազատվելու գաղափարի մեկ այլ դրսևորում է: Երբ ինչ-որ բան չի գործում, մենք այն կարող ենք և պետք է փոխենք», - ասել է Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը դեսպանատան բացման վերաբերյալ հայտարարության հետ մեկտեղ նշել է, որ ԱՄՆ-ը ավելի հաճախ առնչություն կունենա Կուբայի ժողովրդի հետ, և որ դիվանագետները անմիջական կապի մեջ կլինեն Կուբայի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ: Սակայն նա նաև ասել է, որ Կուբայի հետ Միացյալ Նահանգների լուրջ տարաձայնությունները կպահպանվեն:

«Տարաձայնությունների թվում են Միացյալ Նահանգների կողմից այնպիսի համաշխարհային արժեքների խրախուսումը, ինչպիսին են խոսքի և հավաքների ազատությունն ու տեղեկատվության ստացման հնարավորությունը», - հայտարարել է Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG