Մատչելիության հղումներ

Դավիթ Մաթևոսյան. «Ունենք կայուն աճ, կցանկանայինք ձգտել վերելքի»


Ռեժիսոր Դավիթ Մաթևոսյան

Ռեժիսոր Դավիթ Մաթևոսյան

Ռեժիսորն ամփոփում է «Ոսկե Ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը։

««Ոսկե Ծիրան»-ը Հայաստանի կինոարտադրությունը տանում է դեպի փոփոխություն, որը, սակայն, դեռ տեղի չի ունեցել», - ամփոփելով 12-րդ միջազգային կինոփառատոնը` «Ազատության» հետ զրույցում ասաց ժյուրիի անդամ, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը՝ այդուհանդերձ նշելով. - «Ունենք կայուն աճ, կցանկանայինք ձգտել վերելքի»:

«Ավելի կտրուկ վերելք, ավելի մեծ ընդգրկում, ավելի որակյալ ֆիլմարտադրություն, Հայաստանի դեպքում ավելի շատ լավ ֆիլմերի ընդգրկման հնարավորություն և մասշտաբներ, բայց դա երազանքների ոլորտն է, իրականում թիմը աշխատում է և ամեն ինչով հանդերձ անում է իր պատվավոր, դժվար և հետևողական գործը», - ասաց Մաթևոսյանը։

Նրա կարծիքով, այս տարվա մրցանակակիր ֆիլմերը հստակ չափորոշիչներ գծեցին մասնավորապես հայկական կինոարտադրության համար․ - «Որպեսզի մենք մեր միջավայրում, այսպես ասեմ՝ իհարկե մեր գավառականության մեջ ունենանք չափորոշիչներ, որպեսզի չկորչենք, որպեսզի չճահճանանք և որպեսզի տեսնենք, որ ինչ-որ բաներ կան, որոնց հետ պետք է հավասարվել, որոնցից պետք է ավելի լավը լինել, կամ գոնե փորձել էդ մակարդակը պահել», - ասաց Մաթևոսյանը։

«Միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց կոլումբիական «Օձի գրկում» ֆիլմը, երկրորդ մրցանակը հարավկորեական «Ձմռան վերջը» ֆիլմինն էր:

«Միջազգային վավերագրական ֆիլմ» անվանակարգում լավագույններ ճանաչվել են «Իմաստի ստեղծումը» և «Գերմանական երիտասարդություն» ֆիլմերը:

«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի հաղթող ճանաչվեց Արման Երիցյանը՝ «Մեկ, երկու, երեք» ֆիլմով: Արծաթը հասավ «Բժիշկ» ֆիլմի հեղինակ Աննա Գորոյանին:

Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակը շնորհվեց Գագիկ Մադոյանին՝ «Ճանապարհ» ֆիլմի սցենարի համար: «Կորիզ» անվանակարգում լավագույնը ճանաչվեցին ավստրագերմանական «Ամեն ինչ լավ կլինի» և բրիտանական «Չելլե» կարճամետրաժ ֆիլմերը:

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ իրանցի Ֆարհադ Ղոլամին՝ «Ամեն ինչ վաճառքի» ֆիլմի համար: Այս տարի առաջին անգամ հանձնվեց նոր՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որին արժանացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդին՝ «Սրբարան» ֆիլմի համար:

Մաթևոսյանի կարծիքով, տարեցտարի փառատոնը է՛լ ավելի է հետաքրքրում հանդիսատեսին: Նրա խոսքով, դա նաև աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունք է։ Նա նշեց, որ պատահական չեն ընտրվում նաև պատվավոր հյուրերը, որոնք բոլոր ժամանակների ճանաչված ու սիրված արտիստներն են:

«Ոսկե Ծիրան» 12-րդ կինոփառատոնն այս տարի մեկնարկեց օսկարակիր լեհ ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Տես» ֆիլմով և փակվեց իրանցի հեղինակավոր ռեժիսոր, «Բեռլինի Ոսկե արջ» մրցանակին արժանացած Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմով: Իրանում արգելված այս ֆիլմը հետաքրքրություն էր առաջացրել հանդիսատեսի շրջանում: Աշխարհի տարբեր երկրներից եկել էին Հայաստան՝ այն դիտելու:

Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ, «Ոսկե Ծիրան»-ի մրցանակակիր, իրանցի ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ իրանցի ռեժիսորները կարող են ինքնաարտահայտվել:

«Իրաքը, Աֆղանստանը, Ադրբեջանը երկրներ են, որտեղ ազատ կինոյի մասին խոսելն ավելորդ է: Միայն Հայաստանում կարող ենք գալ և ցույց տալ այն, ինչ հնարավոր չէ մեր երկրում: Մահմուդ Ահմադինեժադի նախագահության ժամանակները սարսափելի էին ռեժիսորների և դերասանների համար: Հիմա՝ նոր նախագահի օրոք, վիճակը մեղմացել է: Ավելին՝ պատժամիջոցներից ազատվելուց հետո Իրան - Հայաստան կինոարտադրությունը կարող է զարգանալ: Մեր մտածելակերպերը մոտ են, և հույս ունեմ, որ առաջիկայում նման հնարավորություն կստեղծվի և կինոաշխարհը կծանոթանա հայ-իրանական կինոարտադրությանը», - ասաց Սաֆարին:

XS
SM
MD
LG