Մատչելիության հղումներ

Հունաստանի բանկերը բացվել են


Կառավարությունն այսօրվանից հնարավորություն է ընձեռում բանկոմատներից շաբաթական հանել 420 եվրո:

Հունական բանկերն այսօր բացվել են, կառավարությունը շարունակում է վերահսկողությունը կապիտալի տեղաշարժի նկատմամբ:

Հունաստանի կառավարությունը ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի պայմաններում երեք շաբաթ առաջ էր որոշել փակել բանկերը:

Հունաստանի բանկերի ընկերակցության ներկայացուցիչ Լուկա Կացելին հայտարարել է.- «Փողի նկատմամբ վերահսկողությունը և բանկից կանխիկ գումար ստանալու սահմանափակումներն ուժի մեջ են, բայց մենք նոր փուլ ենք մտնում, որը, բոլորս հուսով ենք, մեզ կվերադարձնի նորմալ պայմաններ»:

Վերջին երեք շաբաթներին հույները հնարավորություն ունեին բանկոմատներից ստանալ օրական 60 եվրո: Հունաստանի կառավարությունն այսօրվանից հնարավորություն է ընձեռում բանկոմատներից շաբաթական հանել 420 եվրո, ոչ ավելին: Կառավարությունն այս տարբերակն է նախընտրում քաղաքացիներին ամենօրյա հերթերից զերծ պահելու նկատառումներով:

Ի տարբերություն նախորդ շաբաթների, այժմ հնարավորություն կա բանկային փոխանցումներ կատարել երկրի ներսում, սակայն արգելված է փակել հաշիվները կամ գումարներ փոխանցել երկրից դուրս: Հունաստանի կառավարությունը մտավախություն ունի, որ հակառակ դեպքում անխուսափելի կլինի երկրի բանկային համակարգից գումարի ամբողջական արտահոսքը:

Այսօր արդեն տնտեսական գործունեություն իրականացնողները զգում են եվրոյի գոտու պարտադրած խիստ կանոնների ազդեցությունը: Սպասարկման կետերում՝ խանութներում, ռեստորաններում, տաքսի ծառայություններում այսօր արդեն կան դժգոհություններ՝ տնտեսական կոշտ միջոցների ազդեցության վերաբերյալ: Ավելացած արժեքի հարկը անցյալ չորեքշաբթի ընդունված օրենքի ուժով բարձրացել է 13-23 տոկոսով:

Խանութների աշխատակիցները սկսել են գործադուլ՝ դժգոհելով բարձր հարկերից և շաբաթ-կիրակի աշխատելու պարտադրանքից:

«Մենք ուզում ենք մեր գործատուներին ցույց տալ, որ բողոքում ենք և շարունակելու ենք մեր ակցիաները, և ուզում ենք ուղերձ հղել՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն է իշխանության»,- ասում է գործադուլի մասնակից խանութի աշխատակիցը:

Թոշակառու կինը հակադարձում է.- «Ես հավատում եմ, որ վարչապետ Ցիպրասը միակն է, որը կանի ամեն ինչ Հունաստանի համար: Նրանք մեզ թույլ չեն տալիս գնումներ կատարել, ինչպես մնացածներն են անում ամբողջ աշխարհում, ինչ են մտածում՝ ո՞վ են նրանք. բոլորն աշխատում են շաբաթ օրերին, երբ ես պիտի աշխատեի, ես աշխատում էի ամեն օր ու ամեն գիշեր»:

Մեկ այլ թոշակառու գնահատում է հարցը կարգավորելու՝ վարչապետի կարողությունը.- «Բարդ է, գնալով բարդանում է, ես հույս ունեմ՝ նա անշուշտ կարող է, բայց այլ կուսակցությունների օգնությամբ»:

Հունաստանի քաղաքացիները հույս ունեն, որ գների անխուսափելի թռիչքը հաշվի առնելով՝ կառավարությունը կավելացնի բանկոմատներից կանխիկ գումար ստանալու՝ հիմա արդեն շաբաթական չափը:

XS
SM
MD
LG