Մատչելիության հղումներ

Ակտիվիստների նկարներով վիրավորական պաստառները տարածողները չեն հայտնաբերվել


Ոստիկանությունից փոխանցեցին, որ պաստառների հեղինակներին հայտնաբերելու համար ոչ ոք իրենց չի դիմել։

Շաբաթ օրը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները իրենց բակերում սեփական նկարներով ու վիրավորական արտահայտություններով պաստառներ էին հայտնաբերել։ Մի քանի տասնյակ պաստառների հեղինակները այդպես էլ անհայտ են մնում։

Ոստիկանությունից փոխանցեցին, որ պաստառների հեղինակներին հայտնաբերելու համար ոչ ոք ոստիկանություն չի դիմել։

Երկու պաստառ էլ իր բակում հայտնաբերել էր ակտիվիստ Արմեն Մկրտչյանը։ Նա վստահ է՝ այս թեմայով մամուլի բազմաթիվ հրապարակումները արդեն իսկ ոստիկանության համար հիմք էին տեղի ունեցածը հետաքննելու համար։

«Ոստիկանությունը ցանկության դեպքում կարող էր ուղղակի գնալ էդ տարածքների կամերաների տեսագրությունները վերցնել և շատ հեշտ բացահայտել։ Եկեք հարց տանք, թե ինչու ոստիկանությունը էդ քայլը չի արել։ Կարծում եմ՝ դա բանալի հարց է և իր մեջ պատասխանները պարունակում է։ Հենց էդ քայլը անելով՝ ոստիկանությունը ուղղակի էս աղմուկին վերջ կդներ»,- ասաց ակտիվիստը։

Արմեն Մկրտչյանը ոստիկանություն չի դիմելու, քանի որ դա անիմաստ է համարում. ասաց, որ շատ դեպքեր գիտի, երբ ակտիվիստին տեսախցիկի առջև ծեծել են, բայց ոստիկանությունը այդպես էլ չի բացահայտել մեղավորներին, այդ պատճառով էլ չի հավատում, թե այս դեպքում հեղինակները կբացահայտվեն։

Նույն կերպ են մտածում նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանը և Միհրան Ավագյանը։ Նրանք կասկածում են, որ վիրավորական պաստառների հեղինակները հենց քաղաքացիական հագուստով ոստիկաններն են, քանի որ իրենք էլ այդ ոստիկանների նկարներով ակցիաներ են արել։

Ակտիվիստները նաև հարցնում են՝ որտեղի՞ց պաստառների հեղինակներին իրենց հասցեները։

«Երբ մենք հուլիսի 14-ին քաղաքացիական հագուստով ոստիկանների նկարները ձեռքներիս երթ արեցինք, մենք այդ օրը հայտարարեցինք, որ դրանք փակցվելու են ամբողջ քաղաքով ու չի բացառվում նաև՝ հենց իրենց բակերում, երբ հստակ կլինի բոլորի ինֆորմացիան։ Համոզված եմ, որ իրենք իրենց կարճ խելքով որոշել են մեզնից առաջ ընկնել ու մեր բակերում են փակցրել, բայց էս դեպքում արդեն անձնական վիրավորանք հասցնելով»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը։

«Իրենք երևի էդ պատժել բառը անձնական վիրավորանք են ընդունել, որ պահանջում ենք ոստիկանությունից պատժել իրենց 23-ի դեպքերի վատ, անօրինական վարքի համար։ Փորձել են պատասխանել մեզ այս կերպ»,- հավելեց Միհրան Ավագյանը։

Ընդհանուր առմամբ, շուրջ մի քանի տասնյակ վիրավորական պաստառներ են տարածվել, բայց ակտիվիստները ասում են, որ այս միջադեպը իրենց տրամադրությունների վրա չի ազդել։ Երեկ երեկոյան նրանք իրենց ակցիան անցկացրեցին՝ Երևանի կենտրոնական փողոցներում փակցնելով քաղաքացիական հագուստով այն ոստիկանների լուսանկարները, ովքեր, ըստ իրենց, Բաղրամյանում բռնություն էին կիրառել ցուցարարների հանդեպ։

Ոստիկանությունը երեկ փորձում էր համոզել ցուցարարներին չդիմել այդ քայլին։ Չնայած հորդորներին՝ մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցներում քաղաքացիական հագուստով ոստիկանների նկարները փակցվեցին։ Մաքսիմ Սարգսյանը պատմեց, որ ակցիայի ընթացքում իրենց հետևում էին նաև այն ոստիկանները, ում նկարները փակցնում էին։

«Ակցիայի ընթացքում հետևներիցս պտտվում էին, ու հենց Ֆրանսիայի հրապարակում մեկին բռնացրեցինք։ Երբ սկսեցին իրեն նկարել ու ասել՝ «ինքը ոստիկան է», փախավ էդտեղից, մտավ տրանսպորտ։ Էրեխեքից մեկը իրեն չկորցրեց, էդ պահին հասավ, վճարեց իրա տեղը, տրանսպորտի մեջ էլ հայտարարեց, որ «սա քաղաքացիական հագուստով ոստիկան է», ու ճանապարհեցինք, գնաց։ Թող իմանան, որ մենակ նկար փակցնելով չեն խայտառակվելու»,- պատմեց Սարգսյանը։

Այսօր արդեն Երևանի կենտրոնական փողոցներում փակցված պաստառները հեռացված էին։ Սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները, մինչդեռ, առաջիկա օրերին կրկին նման ակցիա կանցկացնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG