Մատչելիության հղումներ

logo-print

Պերմյակովի գործը հայ իրավապահներին փոխանցելը «արդեն ուշացած է»


Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը հայ իրավապահներին փոխանցելը տարակերպ մեկնաբանությունների տեղիք է տվել: Գյումրիում շատերը համոզված են, որ դրանում մեծ դեր են ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի համոզմամբ՝ գործը հայաստանյան իրավապահներին փոխանցելն արդեն ուշացած է․ - «Հիմա արդեն ուշ է: Կես տարի անցել է, և բազմաթիվ փորձաքննություններ Հայաստանի իրավապահները այլևս չեն կարող անել: Կամ եթե անեն էլ՝ դրանք որակյալ համարվել չեն կարող»:

Բարսեղյանի դիտարկմամբ՝ ակնհայտ դարձավ, որ Ավետիսյանների սպանությունից հետո փողոց դուրս եկած գյումրեցիների պահանջն արդար էր․ - «Մարդիկ Ռուսաստանի համար լիակատար կերպով ընդունելի պահանջով են հանդես եկել, ինչը, ուշադրություն դարձրեք՝ անընդունելի է եղել Հայաստանի իշխանությունների համար»:

Ռուսաստանյան կողմը քրեական գործը փոխանցել է, բայց որևէ խոսք չկա մեղադրյալին՝ Վալերի Պերմյակովին փոխանցելու մասին․ նա դեռևս ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի տարածքում է: Բարսեղյանը կարծում է, թե հայ իրավապահները կգործեն ռուս իրավապահների թելադրանքով․ - «Մեր իրավապահները, ես համոզված եմ ուղղակի, չեն կարող որևէ կերպ շեղվել ռուս իրավապահների գծած սցենարից»:

Դատավարությունը, ըստ Բարսեղյանի, կարող է փորձեն փակ անցկացնել, դրա ժամանակ Պերմյակովը կարող է ասել, թե ոչինչ չի հիշում․ - «Դե, չեմ հիշում: Ինչ գրել եմ այն ժամանակ, այդ գրածներս համարեք հիմք, պրծավ-գնաց․․․ Ջուր էի որոնում և այլն: Նույնիսկ շատ ուրախ կլինեն երևի, որ փոխանցեն, ստեղ մեռնի բանտում այդ մարդը մինչև դատը․․․ Լիքը սցենարներ կան այդպիսի գործերը կոծկելու համար: Շատ մութ բան մնաց: Հասարակության մեջ որևէ հնարավոր վարկած, մոտավոր վարկած չձևավորվեց»:

Անցած գիշեր Գյումրիում ռուսական բազայի զինծառայող, 27-ամյա Ալեքսանդր Կալենտևը հարբած վիճակում իր վարած մեքենայով բախվել է երեք այլ մեքենայի: Կալենտևը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ամբուլատոր բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Այլ տուժողներ չկան:

«Որևէ երկրում, որևէ բազայի որևէ հարբած զինվորից հասարակությունն ապահովագրված չէ։ Բայց ինչ-որ մեխանիզմներով դրանք կարգավորվեն պիտի: Հիմա Հայաստանում դրանք չեն կարգավորված», - նշեց Բարսեղյանը:

XS
SM
MD
LG