Մատչելիության հղումներ

Տուսկ․ «ԵՄ-ն պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ»


Տուսկ․ «ԵՄ-ն պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ»
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00

Նոր համաձայնագրի շուրջ աշխատանքի ավարտից հետո թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ը բավարարված կլինեն, Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Հայաստանի և Եվրոպական խորհրդի նախագահների բանակցությունների թեմաներից մեկն, ըստ պաշտոնական հայտարարությունների, Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն են եղել։ Տուսկն ասաց.- «Մենք բարեհաջող ավարտել ենք նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, նախանշել ենք ապագա համագործակցության ոլորտները։ ԵՄ անդամ պետություններն արդեն իսկ քննարկում են բանակցությունների մանդատի տրամադրման հարցը»։

Խոսելով ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացումից՝ Դոնալդ Տուսկը նկատեց՝ վերջնական նպատակն «առանց վիզայի ռեժիմն է»: Հաջորդ քայլը, հուսով էր, որ հնարավոր կլինի իրականացնել առաջիկա ամիսներին, եթե աշխատանքի տեմպը պահպանվի։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ 2015-ը վճռորոշ տարի է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։

«Հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ լինելու Եվրասիական տնտեսական միության անդամ»,- ասաց Տուսկը՝ վերահաստատելով, որ նախկինի պես պատրաստակամ են խորացնել հարաբերությունները բարեփոխումների ընդգրկուն օրակարգով՝ աշխատելով շուկաները բացելու, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, առաջ ընթանալով ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով։

Երկկողմ բանակցությունների ժամանակ չի շրջանցվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։ Տուսկը փոխանցեց Եվրոպայի վերաբերմունքը, ասաց՝ Եվրամիության համար առաջնահերթություն է մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։

Եվրոպացի պաշտոնյան նաև նշեց՝ Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդությամբ ընթացող ղարաբաղյան բանակցությունները, շատ կարևոր է հարգել հրադադարի համաձայնագիրը, զսպվածություն դրսևորել գործողություններում ու հայտարարություններում, հակամարտության կարգավորման առաջընթացի համար մթնոլորտ ստեղծել։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց չի վիճարկվում, համատեղ ասուլիսում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այդ գաղափարի համատեքստում մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով»,- ասաց նախագահ Սարգսյանը։

Դիմելով նաև Դոնալդ Տուսկին՝ Սարգսյանը հորդորեց հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությունից։ Հայաստանի նախագահի խոսքով՝ «Եվրոպական խաղեր անցկացնելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին շատ մեծ նվեր մատուցեց. սահմանին ժամանակավոր խաղաղություն տիրեց, և միջազգային հանրությունը համոզվեց, թե ով է լարվածություն հրահրողը»։

«Չնայած այն հանգամանքին, որ նաև եվրոպական կառույցներում և Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը ու նաև խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ, մենք կգանք ճիշտ ճանապարհի»,- ասաց Հայաստանի նախագահը։

Սարգսյանը լկտի որակեց Ալիևի վերջին ելույթը, նաև՝ զավեշտալի։ Անցած շաբաթ Կառավարության նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահը քննադատել էր Արևմուտքին։

«Հայերի փողերով ապրող որոշ երեսպաշտ կոնգրեսականներ, արևմտյան քաղաքական գործիչներ և իսլամատյացներ պատերազմ են հայտարարել Ադրբեջանին»,- ասել էր նա։ Չէր մոռացել նաև Լեռնային Ղարաբաղում իրական պատերազմի հավանականության մասին` հերթական անգամ պնդելով, թե Բաքուն շուտով ազատագրելու է «իր օկուպացված տարածքները»:

«Զավեշտական չէ՞, որ մարդ, ով նախագահ է դարձել ժառանգաբար, ուրիշին մեղադրում է այլոց օգնությամբ նախագահ դառնալու մեջ: Զավեշտական չէ՞, երբ առավոտից երեկո այլատյացություն քարոզող մարդը Եվրոպային և ուրիշներին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Տուսկը հակամարտության կողմերին արած կոչը կրկնեց՝ կողմերը պետք է ձեռնպահ մնան գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը։

«Խաղաղ լուծմանը այլընտրանք չկա։ Եթե մենք ցանկանում ենք դա, ապա այս ռիսկային խաղի բոլոր դերակատարները պարտավոր են խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից, որովհետև բառերը քաղաքականության մեջ ունեն հետևանքներ։ Ես կարծում եմ, որ շատ հաճախ լռությունն ավելի լավ է, քան ձայները և հատկապես ագրեսիվ հռետորաբանությունը»,- ասաց Տուսկը։

«Պարոն Տուսկը հավասարության նշանը պահում է, որովհետև վաղը չէ մյուս օրը Բաքու է գնալու, և մինչ հրապարակավ անի այդ հավասարության նշանը, ինքը, վստահ եմ, պարոն Ալիևին անձնապես կասի»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Հայաստանում անցկացրած մի քանի ժամվա ընթացքում եվրոպացի պաշտոնյան հանդիպեց նախագահին, վարչապետին, ընդդիմության ներկայացուցիչներին։ Երևանից մեկնեց Թբիլիսի։ Տարածաշրջանային այցը կավարտի չորեքշաբթի օրը՝ Բաքվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG