Մատչելիության հղումներ

«Իսլամական պետությունը» թունավոր գազ է օգտագործել քրդերի դեմ


«Իսլամական պետություն» խմբավորումը անցած ամիս թունավոր գազ է օգտագործել Սիրիայի և Իրաքի՝ քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության միավորում» կազմակերպությունը, որը աշխարհազորայինների ուժերով պայքարում է «Իսլամական պետության» դեմ, հայտարարել է, որ արմատական խմբավորումը «ինքնաշեն քիմիական արկեր» է կրակել Հասակա և Թել Բրակ քաղաքների ուղղությամբ: Քիմիական գազի ազդեցության գոտում հայտնված քուրդ մարտիկները անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, զոհեր չեն արձանագրվել:

Քուրդ աշխարհազորայինները նաև հայտարարել են, որ «Իսլամական պետության» զինյալների մոտ գազային դիմակներ են հայտնաբերել, որոնք անուղղակիորեն ապացուցում են, որ արմատական խմբավորումը «պատրաստվել է ռազմաճակատի այդ հատվածում քիմիական զենքի օգտագործմամբ ռազմական գործողություններ մղելու համար»: Նրանք դիմել են բրիտանական երկու կազմակերպությունների՝ Հակամարտությունների սպառազինության հետազոտական կենտրոնին և Սահան հետազոտական կենտրոնին՝ խնդրելով փորձագիտական աջակցություն ցուցաբերել «Իսլամական պետության» կողմից քիմիական զենքի կիրառումը հետաքննելու հարցում:

«Ժողովրդի պաշտպանության միավորումը» կարևոր դեր է խաղում «Իսլամական պետության» սպառնալիքը հետ մղելու հարցում և ԱՄՆ-ի առաջնորդած դաշինքի օդային հարվածների օժանդակությամբ կարողացել է «Իսլամական պետությանը» հետ մղել Սիրիայի հյուսիսի զգալի տարածքներից:

Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը» հաստատել է քիմիական զենքի օգտագործման մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ իրենց ակտիվիստները Թել Բրակի մոտ հունիսի 28-ին քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ ապացույցներ են ձեռք բերել:

Ավելի վաղ «Իսլամական պետության» կողմից քլորինի օգտագործման մասին բարձրաձայնել էին Իրաքի քրդական իշխանությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG