Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման այցելեց դաշնային բանտ


Բարաք Օբաման այցելել է Օքլահոմայի դաշնային բանտ, 16-ը հուլիսի, 2015թ․

Բարաք Օբաման այցելել է Օքլահոմայի դաշնային բանտ, 16-ը հուլիսի, 2015թ․

Բարաք Օբաման դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, ով այցելել է որևէ դաշնային բանտ:

Այցն իրականացվել է Ամերիկայի թանկ ու ծանրաբեռնված ուղղիչ կենտրոնների համակարգը բարեփոխելու ծրագրի շրջանակում։ Հինգշաբթի օրը Օքլահոմայի բանտ կատարած այցի ընթացքում Օբաման հանդիպել է ոչ միայն բանտի ծառայողներին, այլև հանդիպումներ է ունեցել կալանավորների հետ։

Օքլահոմայի Էլ Ռենոյի միջին անվտանգության տղամարդկանց ուղղիչ հաստատությունում Օբաման նկատել է, որ բանտարկյալներից շատերը երիտասարդներ են։

«Այստեղ կան երիտասարդ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, սխալներ, որոնք երբեմն այնքան էլ չեն տարբերվում իմ կամ երիտասարդ այլ անձանց կողմից թույլ տրված սխալներից։ Տարբերությունը միայն այն է, որ նրանք չեն ունեցել աջակցող կառույցներից օգտվելու հնարավորություն, մարդիկ, որոնց չի տրվել իրենց սխալներն ուղղելու երկրորդ հնարավորություն»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով, հիմնականում թմրանյութերի հետ կապված մեղադրանքների արդյունքում ընդունվել են խիստ պատիժներին համապատասխան դատավճիռներ, ինչի հետևանքով 1980-ականներից ի վեր երկրում կրկնապատկվել է կալանավորների թիվը։

ԱՄՆ-ի բնակչությունը կազմում է ամբողջ աշխարհի բնակչության 5 տոկոսը միայն, սակայն կալանավորների թվով Ամերիկային բաժին է հասնում աշխարհի կալանավորների 25 տոկոսը։ Օբաման համարում է, որ զանգվածային ազատազրկման եղանակով հանցագործությունների թիվը կրճատելու մոտեցումը ամենևին գիտակից չէ։

«Մեզ համար շատ հաճախ սովորական է այն, ինչ տեսնում ենք ու հաճախ չենք նկատում։ Սովորական է թվում, որ մեծաթիվ երիտասարդներ են իրենց կյանքն անցկացնում ուղղիչ հաստատություններում։ Իսկ սա բնական ու սովորական չէ։ Այդպես չէ այլ երկրներում։ Բայց բնական է ու ոչ անսովոր, որ անչափահասները երբեմն հիմարություններ են անում», - ասել է նախագահը:

ԱՄՆ-ի բանտերն ամեն տարի պետական բյուջեից 8Օ միլիարդ դոլար են ծախսում։ Օբաման այժմ հորդորում է Կոնգրեսին մինչեւ տարեվերջ ընդունել դատական որոշումների ուղղությամբ բարեփոխումներ անցկացնելու մասին նախագիծ՝ կրճատելու համար ոչ բռնի հանցագործությունների համար խիստ պատիժներն ու բարելավելու վերականգնողական ծրագրերը՝ հատկապես ուշադրություն տակ պահելով հանցագործություններից երիտասարդներին հետ պահելու նպատակով դաստիարակչական ծրագրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG