Մատչելիության հղումներ

«Չե՛ք անցկացնի»-ն քննարկում է՝ ինչպես պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ


«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն այժմ քննարկում է՝ ինչ հստակ քայլերով պայքարել նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների դեմ։

Նախագիծը պարզապես սահմանում է, որ Հանրապետականը միշտ պետք է իշխի Հայաստանում, ասում է շարժման ներկայացուցիչ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

«Դա գործընթացի հենց սկզբից էլ պարզ էր. դա վերարտադրության Սահմանադրություն է»,- պնդեց Գրիգորյանը։

Փոփոխված Սահմանադրության նախագիծը նորամուծություն է առաջարկում՝ քաղաքագետին հայտնի չէ որևէ սահմանադրություն, որտեղ ամրագրված է, որ խորհրդարանում որևէ ուժ պետք է ունենա կայուն մեծամասնություն։

«Փաստորեն իրենք վերցրել են Իտալիայի օրինակը, մինչդեռ Իտալիայում 2015 թվականի մայիսին է ընդունվել, ուժի մեջ է մտնելու մյուս տարվանից, ու օրենսդրական մակարդակում է դա նշված։ Իտալիան դրա որևիցե պրակտիկա չունի»,- նկատում է քաղաքագետը։

Բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանն ասում էր՝ ներկայիս իշխանակենտրոն Սահմանադրության փոխարեն պետք է ստեղծել մարդակենտրոն մայր օրենք։ Ակտիվիստները հակադարձում են՝ նախագիծը ոչ թե նման բարեփոխում է առաջարկում, այլ ընդամենը երաշխիքներ է ստեղծում, որ իշխանությունը կայուն կմնա նույն ուժի ձեռքում։

Միայն 89-րդ հոդվածի՝ «կայուն մեծամասնության» մասին կետն արդեն մատնում է հանձնաժողովի անդամների իրական նպատակները, կարծում է քաղաքագետը։

«Սա հերիք է, որ մնացած բոլոր դրույթները մի կողմ դրվեն, որովհետև սա ամենակարևորն է։ Իշխանության ձևավորումը ազդելու է մարդու իրավունքների կամ մնացած ոլորտների վրա, այդ ամեն ինչը եթե այստեղից դիտարկենք, այս Սահմանադրությունը ամբողջովին ավտորիտար ռեժիմի վերածելու ինչ-որ փորձ է»,- ասաց Գրիգորյանը։

Հանձնաժողովի անդամները փոփոխությունների նախագիծը հիմնավորելիս պնդում են՝ գործող Սահմանադրության դեպքում չեն բացառվում կառավարման ճգնաժամերը, եթե երկրի նախագահն և խորհրդարանական մեծամասնությունն ու վարչապետը պատկանեն տարբեր ուժերի կամ տարաձայնություններ ունենան, վրացական օրինակը մտահոգել է սահմանադրագետներին։

«Որևիցե ճգնաժամ մինչև հիմա չենք ունեցել, Վանգայի դերում են իրենց տեսնում հանձնաժողովի անդամները, կանխատեսումներ են անում։ Մոտ ապագայում որևէ նման ճգնաժամ չենք տեսնում»,- ընդգծեց Գրիգորյանը։

Կայուն մեծամասնություն, նրա առաջարկած և ընտրած վարչապետ, կայուն խորհրդարանական մեծամասնության ու մյուս ընտրիչների կողմից ընտրված նախագահ. հանձնաժողովի անդամները այս համակարգն առաջարկելիս ընդգծում են՝ պատերազմող երկրին կայունություն է անհրաժեշտ։ Արմեն Գրիգորյանը հակադարձում է՝ Հյուսիսային Կորեայում էլ կայունություն է։

Բացի այդ, ըստ քաղաքագետի, Հայաստանը դեռևս ժողովրդավարական երկիր չէ, իսկ նման երկրներում պառլամենտական համակարգերն ավելի վտանգավոր են.- «1945-2010 թվականներին գործող բոլոր համակարգերի հետազոտությունը ցույց է տալիս, որ պառլամենտական համակարգերը ավելի դժվար են ժողովրդավարական դարձել, քան նախագահականը։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ նախագահականում կա երկու ժամկետի սահմանափակում, իսկ պառլամենտականում չկա»։

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հավաստիացրել է՝ չի հավակնում ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին։ Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը մինչդեռ թերահավատ է։

«Իսկ ես կարող եմ հարյուր օրինակ բերել, որ Սերժ Սարգսյանը մի բան ասել է և դրա հակառակն է եղել։ Նա ասել և չի արել, խոստանում էր, որ հայ-իրանական երկաթուղի է կառուցելու, չի կառուցել, խոստանում էր, ատոմակայան է կառուցելու, չի կառուցել, խոստանում էր, որ Ստեփանակերտի օդակայանն է գործարկելու և դրա առաջին ուղևորն է լինելու, չկա այդպիսի բան»,- ասաց Հովհաննիսյանը։

XS
SM
MD
LG