Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները հանդես եկան որոշ պարզաբանումներով


Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հաստատում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` իշխող ՀՀԿ-ի խորհրդի երեկվա նիստում արած հայտարարությունը, թե խորհրդարանական հանրապետությունում չի հավակնելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնին:

Նիստին մասնակցած հանձնաժողովական, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նաև գործնականում չի պատկերացնում, թե ինչպես է նախագահի աթռռից Սերժ Սարգսյանը հայտնվելու խորհրդարանի խոսնակի պաշտոնում:

«Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները ավարտվում են 2018 ապրիլի 9-ին: Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունենալու 2017 թվականի մայիսին: Ազգային ժողովի ընտրական համակարգը համամասնականն է: Հիմա դուք ինձ այս համադրություններում ասեք՝ ո՞նց ա դառնալու Ազգային ժողովի նախագահ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարց հնչեցրեց Թովմասյանը:

Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի անդամը պատասխանում է ընդդիմադիրների քննադատությանը, թե ներկայացված նախագիծը Հանրապետականի իշխանությունը պահպանելու համար է․ - «Որտեղ ուզում է լինի՝ նախագահական, կիսանախագահական, պառլամենտական, եթե ընտրությունները կեղծվելու են, դա շատ վատ ա: Եթե հարցադրումը հետևյալն է՝ ո՞ր համակարգում է ավելի մեծ հավանականությունը, որ այն կկեղծվի, ասում եմ՝ նախագահական և կիսանախագահական համակարգում: Որքան երկրում ավելացան պառլամենտարիզմի էլեմենտները, ընտրությունները կեղծելու և բացասական իմաստով վերարտադրվելու հնարավորությունները ըստ էության փոքրանալու են»:

Ի պատասխան «Ազատության» հարցին, հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հայտարարեց, թե քաղաքական կոնսոլիդացիան իրենց խնդիրը չէ:

Քաղաքական այլ ուժերի համաձայնության մասին, հիշեցնենք, խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանը, կոնսոլիդացիան կարևորել էր նաև Վենետիկի հանձնաժողովը:

Փաստաթղթի շուրջ կոնսոլիդացիա լինել-չլինելը, Պողոսյանի խոսքով, կերևա, երբ այն քվեարկության դրվի խորհրդարանում․ - «Սահմանադրական հանձնաժողովը այս ընթացքում հանդիպել է տասնյակից ավելի կուսակցությունների հետ, որոնք ցանկություն են արտահայտել մեզ հետ հանդիպելու, մեզ հետ կիսվելու: Դրա մեջ եղել են նաև պառլամենտական խմբակցությունների ներկայացուցիչներ: Որևէ պաշտոնական հանդիպում չի եղել ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների հետ»:

Մասնագիտական հանձնաժողովը մտադիր է այս ամսվա ընթացքում հրապարակել նաև նախագծի մյուս գլուխները և, ինչպես Վարդան Պողոսյանը փոխանցեց, փաստաթուղթն արդեն Սերժ Սարգսյանի սեղանին են դնելու․ - «Հանրապետության նախագահն է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնողը, և բացառապես իրենից է կախված, թե ինչ ժամկետներում դա կներկայացվի և ինչ տեսքով դա կներկայացվի Ազգային ժողով»:

Երեկ հրապարակված փաստաթղթում հստակ չէ, թե ինչ է նշանակում «առնվազն 101 պատգամավոր»: Հրայր Թովմասյանի պարզաբանմամբ՝ քվեարկության առաջին փուլով այդքան պատգամավոր կընտրվի, նրանց կմիանան ազգային փոքրամասնությունները ներկայացնող մի քանի օրենսդիրներ: Բացի դրանից, պատգամավորների թիվը կավելանա, եթե առաջին փուլով որևէ ուժ չստանա մեծամասնություն և անցկացվի երկրորդ փուլ: Այս դեպքում արդեն բացարձակ մեծամասնություն ապահովելու համար երկրորդ փուլում հաղթած ուժին կտրամադրվեն լրացուցիչ մանդատներ:

Տեսականորեն պատգամավորների թիվը կարող է հասնել 198-ի, գործնականում, սակայն, հանձնաժողովի հաշվարկով, խորհրդարանում կլինի շուրջ 130 օրենսդիր:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ երկրորդ փուլից հնարավոր է նաև խուսափել, եթե անգամ որևէ կուսակցություն կամ դաշինք 50 տոկոսից ավելի ձայն չստանա․ - «Հնարավոր է տարբերակ, որ առաջին փուլից հետո, եթե արգելապատնեշը հաղթահարած երկու կուսակցություններ կհայտարարեն, որ իրենք միասին արդեն ունեն այդ բացարձակ մեծամասնությունը, իրենք հայտարարում են իրենց վարչապետի թեկնածուի անունը, այլևս երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն չկա»:

XS
SM
MD
LG