Մատչելիության հղումներ

Հայազգի միլիարդատեր Տիգրան Իզմիրլյանի որդու՝ Սարգիս Իզմիրլյանի ընկերությունը Չինաստանի պետական շինարարական խոշոր կորպորացիային մեղադրում է ավելի քան 3 միլիարդ դոլարի ծրագրի իրականացումը ձախողելու մեջ և իր շահերը պաշտպանելու համար դիմել է ԱՄՆ-ի Դելավեր նահանգի արբիտրաժային դատարան:

Սարգիս Իզմիրլյանի Baha Mar ընկերությունը Բահամյան կղզիներում հանգստի և զվարճանքների մեգակենտրոն է հիմնել, որի կապալառուն չինական կողմն է: Չինաստանի պետական ինժեներաշինարարական կորպորացիան չինական «Էքսպորտ-Իմպորտ» բանկից 2 միլիարդ 400 միլիոն դոլարի ֆինանսավորմամբ կառուցում է այդ մեգակենտրոնը:

Արդեն մի քանի տարի շարունակվող կառուցապատումը նախատեսված էր ավարտել 2014 թվականի դեկտեմբերին, այնուհետև հետաձգվեց մինչև այս տարվա մարտ, բայց մինչև հիմա շինարարական աշխատանքները ամբողջովին ավարտված չեն: Այնինչ 405 հեկտարի վրա կառուցվող այս համալիրը՝ 5-աստղանի հյուրանոցներով, լողափերով, զվարճանքի կենտրոններով, Լաս Վեգասի ոճի խաղատներով, գոլֆի դաշտերով, տասնյակ ռեստորաններով, հավակնում է դառնալ տարածաշրջանի ամենախոշոր հանգստավայրը, որը 5 հազար մարդու կապահովի աշխատանքով և մեծ խթան կհանդիսանա Բահամյան կղզիների տնտեսությունը զարգացնելու համար:

Իզմիրլյանի ընկերությունը դիմել է դատարան՝ պնդելով, որ Չինաստանի պետական ինժեներաշինարարական կորպորացիան դադարեցրել է աշխատանքները, մի քանի ամիս է՝ աշխատանքները սառեցվել են:

Baha Mar ընկերությունը ցանկանում է սնանկ ճանաչվել՝ գործընթաց, որը ընկերությանը հնարավորություն կտա դուրս գալ իրավիճակից՝ ապագայում փորձելով ավարտել մեգահամալիրի կառուցապատումը:

Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ ըստ դատարան ներկայացված փաստաթղթերի՝ շինարարական աշխատանքների 97 տոկոսը արված է, բայց ներկա պահին անհրաժեշտ ֆինանսավորում և աշխատանքներ չեն կատարվում այս խոշոր համալիրը վերջնականապես ավարտելու և բացելու համար:

Սարգիս Իզմիրլյանը, որի ընկերությունը 850 միլիոն դոլարի ներդրում է կատարել, չինական պետական ընկերությանը մեղադրում է կառուցապատման վերջնաժամկետները խախտելու մեջ:

«Հանգստի գոտին անհնար է բացել՝ շարունակելու համար մեր բիզնեսը», - հունիսի վերջին հայտարարել էր Իզմիրլյանը:

Reuters-ի փոխանցմամբ՝ դատարան ներկայացված փաստաթղթերում նաև նշված է, որ Baha Mar ընկերությունը վերջին երկու ամսվա ընթացքում երեք անգամ պատվիրակություն է ուղարկել Պեկին՝ շտկելու իրավիճակը, բայց՝ ապարդյուն: Չինական կողմից հրաժարվել են Reuters-ին մեկնաբանություններ տալ:

XS
SM
MD
LG