Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն պնդում է` սահմանադրական բարեփոխումների նախագիծը «ամենևին վերարտադրության մասին չէ»


Սերժ Սարգսյանը «հատուկ թերահավատների համար» վստահեցրել է, որ չի պատրաստվում զբաղեցնել նաև Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի պատրաստվում զբաղեցնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:

Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Ավելի վաղ Սերժ Սարգսյանը բացառել էր, թե կհավակնի նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ինչից հետո ընդդիմադիրները պնդում էին, որ նա ցանկանում է խորհրդարանի ղեկավարի պաշտոնը ստանձնել։

Հանրապետական Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նոր Սահմանադրությունը իշխանությունների վերարտադրության հետ կապ չունի։

«Առիթներ եղել են, երբ ինձ դիմել են, ասել են` արդյո՞ք Ազգային ժողովի նախագահի պաշտոնը չի ենթադրվում, որ կզբաղեցնի, ես միշտ ասել եմ, որ նախագահը դա երբևէ չի հիշատակել, որովհետև չի էլ մտածել, որ որևէ մեկի մտքով կարող էր նման բան անգամ անցնել: Այսօր հատուկ թերահավատների համար նախագահը վերահաստատեց, որ, իհարկե, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ևս նա նկատի ունի», - հայտարարեց Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը, ով նաև նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է, ասաց, որ բարեփոխումներից հետո երկիրը ավելի արագ կզարգանա։ Հարցին, թե ինչպե՞ս են դա զգալու հասարակ քաղաքացիները, Հարությունյանը պատասխանեց, որ փոփոխությունը քաղաքացու կյանքի վրա անմիջական ազդեցություն չի կարող ունենալ։ Նա նաև հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հիմքում ընկած հիմնական գաղափարը խաղաղ իշխանափոխություն ապահովելն է՝ այնպես, որ դա վտանգներ չստեղծի երկրի համար:

Հարությունյանի կարծիքով՝ բարեփոխումները չընդունելը վտանգներով է հղի, և եթե ժողովուրդը դրանք մերժի, ապա կսխալվի.- «Եթե ոչ այսօր, հինգ կամ տաս տարի հետո իշխանությունը նորից գիտակցելու է պոտենցիալ վտանգը և փորձելու է առաջ տանել այս նախագիծը: Սա իմ խորին համոզմունքն է։ Կհաջողվի՞ մեզ այսօր դա անել՝ շատ ավելի լավ, ավելի արագ կզարգանանք, ավելի ինտենսիվ: Չի՞ հաջողվի՝ ի վերջո, ժողովուրդն է որոշում իր ճակատագիրը»։

Սահմանադրական բարեփոխումներին կտրականապես դեմ արտահայտվող Հայ ազգային կոնգրեսում հանրապետականների հավաստիացումներին չեն հավատում։ Խորհրդարանի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասաց, որ իրենք ՀՀԿ-ականների ծրագրերին տեղյակ են։ Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից հետո դեռ մեկ տարի էլ պաշտոնավարելու ժամկետ կունենա, դրանից հետո էլ որևէ ՀՀԿ-ական պատգամավոր հրաժարական կտա, և Սարգսյանը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում կդառնա պատգամավոր ու ԱԺ նախագահ։

«Եթե որևէ մի պատգամավոր հրաժարական է տալիս, և հարց է ծագում, թե ո՞վ պետք է նրա փոխարեն մտնի ցուցակից ԱԺ, ապա դա կարվի ոչ թե հին մեխանիզմով, այսինքն՝ հաջորդը ցուցակում, այլ նորից այդ տեղը կառաջարկվի ցուցակի առաջին տեղից մինչև այն մարդը, ով կընդունի այդ մանդատը», - ասաց Զուրաբյանը։

Զուրաբյանի կարծիքով՝ հանրապետականները խորամանկություն են անում, պատրաստ են ցանկացած խաբեության գնալ, միայն թե թուլացնեն հասարակական դիմադրությունը։ Չնայած ընդդիմադիրների հայտարարություններին, ՀՀԿ-ականները շարունակում են հերքել, թե Սահմանադրությունը իշխանությունը պահելու համար է փոխվում։

Երեկ ՀՀԿ-ի խորհրդի նիստից հետո էլ կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենց համար բարեփոխումների՝ ամեն գնով անցկացումը նպատակ չէ, քանի որ ուրիշ շատ կարևոր խնդիրներ էլ կան երկրում։

«Մենք ունենք անվտանգության խնդիրներ, տնտեսական զարգացման խնդիր, սոցիալապես իրավիճակը բարելավելու խնդիր, բազում խնդիրներ», - ասաց Շարմազանովը։

Թե երբ է անցկացվելու հանրաքվեն, դեռ պարզ չէ։ ՀՀԿ-ի խոսնակն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների վերջնական տեքստը պատրաստ կլինի մեկուկես ամսից։

XS
SM
MD
LG