Մատչելիության հղումներ

logo-print

Հարավային Կովկասի ժողովուրդները «պատրաստ են համագործակցել»


Միացյալ Նահանգները դիտարկում է Հարավային Կովկասը որպես առևտրի և հաղորդակցությունների պոտենցիալ կենտրոն, հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը Բրուքինգս հաստատությունում Հարավային Կովկասին նվիրված նոր հետազոտության շնորհանդեսին:

Դիվանագետի խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում հաղորդակցությունների զարգացմանը և տնտեսական կապերի զարգացմանը, ծրագրում բոլոր երկրների ներգրավման պայմանով. - «Հարավային Կովկասում այդ տեսլականի իրականացման համար անշուշտ անհրաժեշտ է, որպեսզի դրա իրագործմանը մասնակցեն տարածաշրջանի բոլոր երեք երկրները»:

Ռուբինն ընդգծեց, որ տարածաշրջանում ներկայումս տիրող իրավիճակը հեռու է բնականոն համարվելուց և խորքային բարելավման կարիք ունի. - «Տարածաշրջանում ստատուս քվոն անընդունելի է ու ոչ բավարար ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ, կարծում եմ, Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների իշխանությունների ու ժողովուրդների համար»:

Որպես վերջին տարիների լուրջ ձեռքբերում դիվանագետը նշել է Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից տարածաշրջանում համաձայնեցված քաղաքականության իրականացումը, ինչը թույլ է տալիս ավելի մեծ արդյունքների հասնել:

Հետազոտության համահեղինակ, Բրուքինգս հաստատության Միացյալ Նահանգների և Եվրոպայի կենտրոնի տնօրեն Ֆիոնա Հիլզն ավելացրեց, որ տարածաշրջանային համագործակցության հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել ոչ թե պաշտոնական հարաբերությունները, որոնք տարածաշրջանում որոշ կողմերի միջև բացակայում են կամ սառեցված են, այլ ոչ պաշտոնական՝ քաղաքացիական դիվանագիտությունը: Վերլուծաբանի կարծիքով, տարածաշրջանի ժողովուրդները, ի տարբերություն իշխանությունների, պատրաստ են համագործակցել:

«Հարավային Կովկասի բոլոր երեք երկներում մեր հանդիպումների ընթացքում մենք լսեցինք, որ տարածաշրջանի երկրների ժողովուրդները, քաղաքական գործիչներն ու գործարարները ցանկանում են ընտրության տարբերակներ ունենալ: Նրանք չեն ցանկանում զարգացման մեկ տարբերակի գերի դառնալ, այլ փորձում են օգտագործել աշխարհում եղած բոլոր հնարավորությունները», - ասաց Հիլզը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG