Մատչելիության հղումներ

«Նաիրիտի» աշխատակիցները կարծում են, որ վարչապետը խաբել է իրենց


Մինչ կառավարության նիստում հերթական անգամ քննարկվում էր «Նաիրիտի» հարցը, դրսում հավաքված ցուցարարները նշում էին, որ գործադիրն իրենց խաբում է արդեն չորրորդ անգամ։

Վարչապետի խոստմանը հակառակ՝ գումարը հուլիսի 15-ին չվճարվեց։ Պարտքի մարման սահմանված ժամկետի նախորդ օրը «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը իր մոտ էր հրավիրել ցույցերը համակարգող խմբի անդամներին և տեղեկացրել, որ պարտքը կմարվի, եթե աշխատակիցները պայմանագիր ստորագրեն, ըստ որի հետագայում չեն պահանջելու աշխատավարձի չվճարման հետ կապված տույժերն ու տուգանքները։

Տուգանքը հաշվարկվում է յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0.15 տոկոսի չափով, այսինքն եթե աշխատակցի պարտքը 1 միլիոն դրամ է, ապա տուգանքների հետ միասին կկազմի շուրջ 1.5 միլիոն։ Հավելյալ այդ գումարից էլ նաիրիտցիները պատրաստ են հրաժարվել, միայն թե ստանան մայր գումարը և ոչ հերթականությամբ, այլ բոլորը միասին։

«Բոլորը պատրաստ են դա ստորագրել, բայց հիմա էլ խնդիր է առաջացել, որ նորից չեն կարողանում պարտքը մարել, սկզբից կարող են մարել ընդամենը 300 հոգու պարտքը, հիմա հերթական խոչընդոտ՝ չգիտեմ ինչ հիմունքներով պետք է ընտրվի 300 հոգին, սա ժողովրդի մեջ պառակտում, աժիոտաժ է առաջացրել։ Մտավախություն կա, որ արդյոք էդ 300 հոգուն վարձատրելուց հետո հերթական անգամ չեն ասի՝ գիտեք ինչ կա, էս փուլը վճարեցինք, պետք է սպասեք, երկրորդ փուլը կլինի, թե՝ չի լինի»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Պայմանագիրը, որը գործարանի տնօրինությունը առաջարկում է աշխատողներին ստորագրել, համապատասխանաբար նաև գումար վճարել, ոչ մի պատասխանատվություն չի նախատեսում պարտավորությունները չկատարելու դեպքում։ Բացի այդ փոխվել է պարտավորություններ կատարող կողմը. գումարը վճարողը ոչ թե «Նաիրիտն» է, այլ «Նաիրիտ 2-ը», որն իր բաժնետոմսերով պետական ընկերություն է։ Այն իր հերթին 4 միլիարդ 800 միլիոն դրամ է պարտք «Նաիրիտին»։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից չեն պարզաբանում, թե ինչու է փաստաթղթային ձևակերպումներում պարտատերը փոխվում։

Մի քանի ժամ սպասելուց հետո արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը գործարանի աշխատողներին տեղեկացրեց, որ ինքը հանդիպել է նախարար Երվանդ Զախարյանի հետ։ Վերջինս նշել է, որ եթե նաիրիտցիները համաձայն չեն գումարը հերթականությամբ ստանալ, իրենք ամբողջ պարտքը կմարեն հուլիսի վերջին՝ 10-12 օրվա ընթացքում։

Գործարանի աշխատողներն այս անգամ էլ համաձայնեցին սպասել, սակայն նշեցին, որ կառավարության շենքի մոտ ամեն օր են բողոքի ցույցեր անցկացնելու և իրենց ներկայությամբ հիշեցնելու դեռ չվճարված պարտքի մասին։ Նրանցից ոմանք էլ, ովքեր առավել թերահավատ էին, նստացույց սկսեցին։

XS
SM
MD
LG