Մատչելիության հղումներ

Դատախազության հայտարարությունը «կրքերը հանդարտեցնելու» համար էր․ ակտիվիստ


«Ո'չ թալանին» նախաձեռնության գնահատմամբ, Դատախազությունն այսօր «կրքերը հանդարտեցնելու» համար է արձագանքել հունիս 23-ին գործադրված բռնությունների առթիվ քրեական գործ հարուցելու իրենց պահանջին:

Պատասխանելով «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամների նամակին՝ Դատախազությունից այսօր հայտնեցին, որ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ցույցը ցրելիս պաշտոնատար անձանց կողմից լիազորություններից դուրս գալու, լրագրողների գործունեությունը խոչընդոտելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու առթիվ հուլիսի 2-ին արդեն իսկ քրեական գործ հարուցվել է Հատուկ քննչական ծառայությունում:

«Ո'չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը նշում է, որ Դատախազության այս արձագանքը պարզապես «լղոզված տեղեկություն է»: Ակտիվիստը հիշեցնում է, որ երկու օր առաջ հանձնած իրենց նամակով պահանջել են քրեական գործ հարուցել նաև բռնություն գործադրած քաղաքացիական հագուստով անձանց նկատմամբ, մինչդեռ, իր համոզմամբ, Դատախազության վկայակոչած արդեն իսկ հարուցված քրգործը լրագրողների մասով է:

«Այսօրվա իրենց պատասխանը ակնհայտ նպատակ ունի, չգիտեմ ինչ ճիշտ բառ ընտրեմ, շեղելու, խաբելու միգուցե: Քաղաքացիների մասով որևէ հայտարարություն չի եղել, որ բոլոր քաղաքացիների նկատմամբ ոստիկանների․․․ Այդ թվում և՝ քաղաքացիական հագուստով, որովհետև հիմնական լկտի ու այլանդակ պահվածք դրսևորել են էդ մարդիկ, ու իրենց մասով որևէ պրոցես չկա էս պահին, էլ չեմ խոսում հրամանատարական կազմի մասին» , - «Ազատության» հետ զրույցում ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը համաձայն է՝ հստակ հայտարարություն, որ քրեական գործ է հարուցվել նաև ցույցի մասնակիցների նկատմամբ բռնությունների առթիվ, չի եղել: Հարությունյանը փաստում է՝ Հատուկ քննչական ծառայության մոտ երկու շաբաթ տարածած հաղորդագրության մեջ այդ մասին միայն հպանցիկ էր նշվում:

«Իհարկե կարելի է ասել, որ շրջանցելու փորձ էր, ոչ թե կարելի է, այլ պետք է ասել, բայց մյուս կողմից էլ հույս ունենալ, որ հայաստանյան իշխանությունները քրեական գործեր կհարուցեն իրենց իսկ կողմից կազմակերպած, նախապես մտածված և ծրագրված բռնությունների դեպքերով, լրջորեն կհետաքննեն, հետո լրջորեն կպատժեն մեղավորներին, դա միամտություն է», - նշեց իրավապաշտպանը:

Անգամ եթե ՀՔԾ-ում հարուցվել է ցուցարարների նկատմամբ բռնությունների դեպքերով քրեական գործ, «Ո'չ թալանին» նախաձեռնության ակտիվիստները արձանագրում են՝ վնասվածքներ իրենք էլ են ստացել, երկու շաբաթ է անցել, սակայն որևէ մեկը հարցաքննության չի կանչվել:

«Վնասվածքներ եղել են, հարված էր եղել ոտքիս, թևերս էին ճանկռված, ամեն դեպքում, դեռ որևէ տեղ չեն կանչել, որևէ հարցաքննություն չեն արել, ոչ», - ընդգծեց Մաքսիմ Սարգսյանը:

«Վնասվել եմ ջրցանից, մեջքս է ցավում մինչև այսօր: Ոչ մեկի չեմ դիմել: Ինքս որոշել եմ գնալ, նկարել տալ մեջքս, ուղղակի դեռ ժամանակ չեմ գտնում: Երևի թե լրագրողների մասով չեն կարողացել շրջանցել, իսկ ակտիվիստներին մտածել են, որ կանցնի, կգնա: Հենց մեր պայքարն էլ դրանում է, երբ մենք երկու օր առաջ փողոց փակեցինք, մեր պահանջը հենց էդ էր՝ հավաստիացում տան պաշտոնապես, որ զբաղվելու են էդ հարցով, ու մենք հետևողական ենք լինելու, էս հարցը չի անցնելու գնա հանգիստ», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը:

XS
SM
MD
LG