Մատչելիության հղումներ

Վերելակի վթարի հետևանքով մահացած կնոջ հարազատները արդար քննության հույս չունեն


Վերելակի վթարի հետևանքով մահացած կնոջ հարազատները արդար քննության հույս չունեն
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00

Սարգիս Շահբազյանի դուստրը՝ Հայարփին, ամիսներ առաջ մահացավ Աջափնյակ թաղամասի շենքերից մեկի վերելակի անկման պատճառով: Վերելակը 11-րդ հարկից պոկվել, ընկել էր հորանը: Հարուցվել էր քրեական գործ, պարզվել էր, որ վերելակը պարտադիր տեխզննում չէր անցել, փչացած էր արագության սահմանափակչի զսպանակը:

Ժպտացող նկարի հետ ամեն օր խոսելն ու դստեր սիրած ծաղիկներով տունը լցնելն է օգնում հորը համակերպվել կորստի հետ: «Ոչ ուժ ունեմ, ոչ համբերություն, ոչ էլ այլևս բացատրություններն ու եզրակացություններն են ինձ հետաքրքրում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգիս Շահբազյանը.- «Եզրակացություն անել չեմ կարող, բալես, ես մասնագետ չեմ, ես ինձանից հոգնել եմ, իմ ուղեղը մենակ իմ աղջկա հետ է»։

Դեպքից վայրկյաններ առաջ նույն վերելակով մի կին էր բարձրացել երեխաների հետ, արցունքները մի կերպ զսպելով սարսափելի այդ օրվա մանրամասներն էին պատմում աղջկա հայրն ու խորթ մայրը՝ Մարինան:

«Ինքը սեփական տան մեջ է ապրել ու կյանքում չի պատկերացրել, որ կարող է վերելակ նստի, իջնի ներքև, ոնց որ շենքի փորձանքը ինքը վերցրեց իրա վրա»,- ասում էր Մարինան։

Դեպքի մասին իմացել են լրատվամիջոցներից, ժամեր է տևել մինչև գտել են Հայարփիի դին: Պետական մարմինները չեն բարեհաճել տեղեկացնել, ասում էին Հայարփիի հարազատները, ովքեր գործի արդար քննության հույս անգամ չունեն:

«Հիմա մենք արդար աշխարհում չենք ապրում, ամեն ինչը կոռուպցիայի ձեռքն է, փողը տվեցիր, ազատվեցիր, գնացիր, ինքը անգամ մի ժամ էլ չի նստի։ Ով որ մեղավոր է, ինքը չի էլ մտածում»,- ասում էր Մարինան։

Երկու օր առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, որ գործով մեղադրանք է առաջադրվել «Աջափնյակ վերելակ» ընկերության տնօրեն Վարդան Զաքարյանին և էլեկտրամեխանիկին: Ավելի վաղ Վարդան Զաքարյանը մեզ հետ զրուցում ասել էր, որ վերելակը սարքին է եղել, այսօր նա հրաժարվեց մեկնաբանություններ տալ։

Մի քանի օր առաջ «Աջափնյակ վերելակի» տնօրենն այցելել է տուժող կողմին: Մահացած Հայարփիի հայրն ասում է՝ չգիտի ինչպես վարվել, մի կողմից՝ այլևս կորցնելու բան չունի, մյուս կողմից էլ խիղճը տանջում է, երբ գործով մեղադրյալը սկսում է խոսել իր փոքր երեխաների մասին:

«Ջիգյարս վառվում է, բայց իմ ձեռքը ոչինչ չկա։ Էդ տղեն որ եկավ՝ Վարդանը, ասաց՝ «ձյաձ Սաքո, եղել ա...», ասացի՝ «բալես, դու ասացիր, ես լսեցի, հիմա ինձ լսի, իմ էրեխին ես ումի՞ց ուզեմ»»,- ասում էր հայրը։

Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել աշխատանքի կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, տվյալ հոդվածը ենթադրում է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Շահբազյանների ընտանիքը, սակայն, վստահ է՝ իրական մեղավորները քաղաքային իշխանություններն են.- «Գալի, մի հատ ստից ներկում են, գոնե մարդկանց անվտանգության մասին մտածեն»։

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ տեխնիկական անվտանգության պահանջներին չհամապատասխանելու դեպքեր բացահայտելիս պարզապես դադարեցվել է վտանգավոր վերելակների գործունեությունը: 2015 թվականին որևէ համատիրություն չի տուգանվել վերելակների վատ սպասարկման համար:

XS
SM
MD
LG