Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «խայտառակություն» է համարում Սահմանադրության նախագիծը


«Ազատությունը» խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ զրուցել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի երեկ հրապարակած նախագծի շուրջ:

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, հանրապետականների կարծիքով, Հայաստանին առաջընթաց է խոստանում ժողովրդավարացման առումով: Ընդդիմությունը, մինչդեռ, նախագիծը համարում է ընդամենը «ծաղր», իսկ առաջիկա հանրաքվեն՝ Սերժ Սարգսյանի իշխանությանը անվստահություն հայտնելու հանրաքվե։

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում կարևորեց երկրի նախագահի լիազորությունները սահմանափակող դրույթները, խորհրդարանի ձևավորման բացառապես համամասնական ընտրակարգին անցումը՝ նշելով, որ դա էր երկար ժամանակ իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի պահանջը. - «Սա ոչ թե մեկ քայլ է, այլ բավականին առաջընթաց է ժողովրդավարության տեսանկյունից: Լայն հնարավորություններ են տրվում և ընդդիմությանը»:

Ինչ վերաբերում է բուռն քննարկումներ հարուցած Ընտրիչների ժողովին (պատգամավորներից և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից կազմվելիք այս մարմինը պետք է ընտրի երկրի նախագահին), Բաղդասարյանն այստեղ ավելի թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների երաշխիք է տեսնում․ - «Մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը ասում են, որ այսօր 70 տոկոսը դժգոհ է իշխանություններից: Թող այդ 70 տոկոսին օգտագործեն և այդ ընտրիչներին իրենք ձևավորեն: Դրա համար հարկավոր է շատ ակտիվ մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին, որը, ցավոք սրտի, ես նայում եմ, կա մեծ պասիվություն: Ընդդիմադիրները չեն դնում որևէ թեկնածուներ, գիտեն, որ իրենց ուժերը չի ներում»:

Ընդդիմադիր ՀՅԴ-ն, որ ըստ էության կողմ էր սահմանադրական բարեփոխումներին, ինչը անցած տարեվերջին դարձավ ոչ իշխանական քառյակից անջատվելու պատճառը, առայժմ որևէ դիրքորոշում չի հայտնում նախագծի վերաբերյալ:

«Բարգավաճ Հայաստան»-ը, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ պահանջող ուժերից էր, այսօր նույնպես բազմաթիվ վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ։ «Ազատության» հետ զրույցում կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց․ - «Այս պահին վերջնական դիրքորոշում հայտնել չենք կարող, որովհետև սա լրջագույն քննարկման արժանի փաթեթ է: Բայց զուտ առաջին տպավորությամբ՝ առաջարկված փաթեթը իր մեջ լրջագույն ռիսկեր պարունակում է: Մասնավորապես, ես, օրինակ, որքան փորձեցի մտաբերել որևէ այլ երկիր, որի Սահմանադրությամբ ամրագրված լինի ընտրությունների երկրորդ փուլ, ես, մեր փորձագետները դեռ չեն գտել․․․ Որ երկրի մոդելում փորձեցինք գտնել պատգամավորական թվի «սողացող կուրս»․․․ դոլարի լողացող կուրս լսել էինք, պատգամավորների սողացող թիվ չէինք լսել: Եվ ամենագլխավոր մտահոգությունը՝ երկրորդ փուլ: Այսինքն՝ խոսքը մեկ ուժի դոմինանտության մասին է»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է՝ իրենց կանխատեսումներն իրականացան, նախագիծը խայտառակություն է:

«Փաստաթուղթը լիովին հաստատում է այն բանը, ինչի մասին մենք զգուշացրել ենք․ որ Սերժ Սարգսյանը այս սահմանադրական ռեֆորմը անցկացնում է մեկ նպատակով՝ սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով և շրջանցելու համար երրորդ նախագահական իր պաշտոնավարման սահմանադրական արգելքը: Սերժ Սարգսյանը խորհրդարանական հանրապետության անցումից հետո իրեն տեսնում է Ազգային ժողովի նախագահի դերում: Եվ այդ պաշտոնը, գումարած Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, իրեն թույլ է տալու իշխանության հիմնական լծակները պահել իր ձեռքում և շարունակել իր անձնական իշխանության ռեժիմը»:

Զուրաբյանը նշեց նախագծի որոշ դրույթները, որոնք կոչված են խորհրդարանում «երաշխավորել Հանրապետական կուսակցության ապահովագրված մեծամասնությունը ցանկացած պարագայում»․ - «Սա իրականում փաստաթուղթ չէ՝ խայտառակություն է: Սա Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի իշխանական ամբիցիաների մասին մանիֆեստ է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ սահմանադրական այս հանրաքվեն վերածվի Սերժ Սարգսյանին և նրա ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Մենք սկսելու ենք շարժում, որովհետև ոչ մի ժողովուրդ արժանի չէ, որ որևէ անձ իր հավերժական իշխանությունը կարողանա փաթաթել այդ ժողովրդի վզին»:

XS
SM
MD
LG