Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Նախագիծը պետք է դիտարկել ներկայիս քաղաքական իրականության համատեքստում


Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեկ հրապարակած ապագա Սահմանադրության 1-7 գլուխների նախագծում արմատական փոփոխություններ է առաջարկում երկրի կառավարման համակարգում:

«Սահմանադրական բարեփոխումների ընդունման դեպքում միանշանակ տեղի կունենա կիսանախագահական կառավարման համակարգից անցում խորհրդարանականին», - «Ազատության» հետ զրույցում ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեկ հրապարակած նախագծով առաջարկում է երկրի նախագահի լիազորությունները սահմանափակել, մեծացնել Ազգային ժողովի ու կառավարության լիազորությունները։

Երկրի նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ պատգամավորներից ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից կազմված ժողովի կողմից: Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ և պաշտոնավարելու է յոթ տարի՝ ներկայիս հինգի փոխարեն: Նախագահի պաշտոնը ստանձնած անձը չի կարող պատկանել որևէ կուսակցության:

Կառավարության կազմում նշանակումներ, միջազգային պայմանագրերի վավերացումներ, դիվանագետների հավատարմագրումներ և այլն․ այս ամենը վարչապետն առաջարկում է, նախագահը՝ հաստատում։ Կարող է չհամաձայնել հազվագյուտ դեպքերում. - «Նախագահը կարող է չհամաձայնվել միայն այն պարագայում, եթե իրեն առաջարկվում է նախարարի այնպիսի թեկնածություն, որը չի համապատասխանում Սահմանադրությամբ, օրենքով նախատեսված պահանջներին: Ըստ Սահմանադրության նախագծի, Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սա նրա գլխավոր գործառույթն է, և իր բոլոր լիազորություններն իրականացնելիս ինքը պետք է հետևի, որ սահմանադրական մարմինները նաև այն դեպքում, երբ իրեն առաջարկներ են ներկայացնում, գործեն Սահմանադրության շրջանակներում»:

Երկրի ղեկին, ըստ Պողոսյանի, կառավարությունն է լինելու: Պատերազմի ժամանակ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, ի տարբերություն գործող Սահմանադրության, ոչ թե նախագահն է, այլ վարչապետը: Արտաքին քաղաքականություն ղեկավարման լիազորությունը նույնպես վերցվում է նախագահից։

Նախագահության տարիներին նախագահը պետք է լինի անկուսակցական։ «Կուսակցական շահերը արտահայտվում են պառլամենտում և արտացոլվում են կառավարության գործունեության մեջ։ Հանրապետության նախագահը այդ կայունացնող գործոնն է պառլամենտական համակարգում», - նշեց Պողոսյանը:

Եթե սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվեն, Հայաստանի քաղաքացիները 5 տարին մեկ կմասնակցեն համաժողովրդական միայն մեկ՝ Ազգային ժողովի ընտրությունների։ Ազգային ժողովն է իրականացնելու գործադիր իշխանության վերահսկողությունը, ընդունելու է պետական բյուջեն։

Վերացվում է մեծամասնական ընտրական համակարգը: Խորհրդարանը կազմված կլինի առնվազն 101 պատգամավորներից։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված հանձնաժողովն իր առաջարկած նախագծում ամրագրում է․ «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին երկու տեղերը զբաղեցրած ուժերն ու դաշինքները»։

Եթե սահմանադրական փոփոխությունների նախագծում ասվում է, որ նույն անձը չի կարող մեկ անգամից ավելի ստանձնել երկրի նախագահի պաշտոնը, ապա վարչապետի պարագայում նման սահմանափակում չկա․ 5 տարին մեկ անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում նույն ուժը կարող է նորից ու նորից ընտրվել և վարչապետի պաշտոնում հաստատել սեփական թեկնածուին:

«Եթե մենք համեմատական վերլուծություն ենք կատարում․․․ 1949-ից մինչև 1969 թվականը Գերմանիայում իշխել է միայն մեկ կուսակցություն: Խնդիրն այն չէ, որ Սահմանադրության մեջ ամրագրենք, որ որևէ ուժի չի թույլատրվում այսքան տարուց ավելի իշխելը: Խնդիրն իսկապես այն է, որ․․․ ընտրական ինստիտուտները գործեն», - ասաց Պողոսյանը:

Շատ մասնագետներ արդեն ուսումնասիրում են նախագիծը և առաջիկայում կարծիքներ կբարձրաձայնեն։ Փաստաբան Գևորգ Գյոզալյանը, մինչդեռ, արդեն այսօր կարծիք է հայտնում, որ այս նախագիծը պետք է դիտարկել ներկայիս քաղաքական իրականության համատեքստում, երբ Հայաստանում կայացած չէ ընտրությունների ինստիտուտը․ - «Մենք ի՞նչ ունենք։ Ունենք Հանրապետական կուսակցություն, որը բացարձակ մեծամասնություն ունի: Եթե այսօրվա իրավիճակով վերլուծենք այս նախագիծը․ Հանրապետական կուսակցությունը նորից վերցնում է մեծամասնություն, ընդդիմությանը, ես տեսա, որ տվել են Ազգային ժողովի փոխնախագահի մի հաստիք․․․ Մենք համարո՞ւմ ենք ՕԵԿ-ին ընդդիմություն, մենք համարո՞ւմ ենք Դաշնակցությանը ընդդիմություն, ԲՀԿ-ին համարո՞ւմ ենք ընդդիմություն: Ես, օրինակ, այս հարցերի պատասխանն այսօր չունեմ»:

XS
SM
MD
LG