Մատչելիության հղումներ

Թեքահարթակ ունենալու՝ հաշմանդամ կնոջ իրավունքը միայն ՄԻԵԴ-ն է պաշտպանել. Հայաստանում բոլորը մերժել են նրան


Կստանա ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցումը, թե՝ ոչ, Ռադիֆ Շամոյանը չգիտի։ Բայց մի տխուր եզրահանգում արել է՝ Հայաստանում անտարբերությունը չափ ու սահման չունի։

35 տարի սեփական տանը փակված, դուրս գալու հնարավորությունից զրկված հաշմանդամ Ռադիֆ Շամոյանի բողոքը հասել ու հաղթել է ստրասբուրգյան դատարանում։

Ազգությամբ եզդի 60-ամյա կինը մինչ այդ տասը տարի շարունակ փորձել էր արևի լույս տեսնելու իր իրավունքը պաշտպանել հայաստանյան դատարաններում՝ հայրենի Արմավիրում ու մայրաքաղաքում: Ապարդյուն:

Արցունքներն անմիջապես հավաքվում են Ռադիֆի աչքերի անկյուններում ու արագ թափվում այտերի վրա, երբ պատմում է իր պայքարի մասին.- «Ուրախությունից եմ լացում, գիտե՞ս»,- ասում է նա։

Դեռ պատանի` դժբախտ պատահարի հետևանքով գամվել է սայլակին։ Բազմահարկ շենքի առաջին հարկում է ապրում, բայց ընդամենը մի քանի աստիճան իջնելու, բակ դուրս գալու ցանկությունը երազանք է դարձել առաջին կարգի հաշմանդամ կնոջ համար։ Մենակ է ապրում։ Խնամող չունի։

«Գոնե մեկը չկա՝ հենվեմ սենց վրեն, մի փոքր հենվեմ, որ ցավս ու վիշտս մի քիչ թեթևանա»։

Միայնակ ապրող հաշմանդամ կինը երկար տառապանքից հետո սրտի կաթված է տարել։ Այժմ սայլակի վրա մի ձեռքով է ուտելու բան պատրաստում, լվացք անում կամ հատակը մաքրում։ Հազվադեպ դուռը թակող հյուրերին առանց սուրճ հյուրասիրելու չի ճանապարհում։ Իր նկատմամբ նույն ուշադրությունը երբեք չի զգացել. անցած տարիներին մի քանի մետրանոց թեքահարթակ կառուցելու խնդրանքներով դիմել է բոլոր ատյաններին, պատասխան չի ստացել։

«Հոգնել էի արդեն, չորս պատի մեջ չէի դիմանում։ Ուզում էի մի ճանապարհ լիներ՝ դուրս գամ տնից։ Որտեղ դիմեցի, մերժում էին։ Մեկը մի հատ ձեռք չմեկնեց։ Քաղաքապետարան, մարզպետարան, էլ Երևան, որտեղ ասես դիմել եմ»,- շարունակում է արտասվել նա։

Պետությունից մերժված հաշմանդամ կինը դիմել է նաև հարևանին։ Խնդրել է զիջել հենց իր բնակարանի դիմաց՝ առանց սեփականության իրավունքի կառուցված խորդանոցը, որ բակ դուրս գալու իր միակ հնարավորությունը կարող էր լինել։ Սայլակի օգնությամբ մոտեցել է, մուրճը ձեռքն առել ու քանդել ճանապարհը փակող խոչընդոտը։ Բարակ, միջանցիկ պատը քանդելը դժվար չէր անգամ մի ձեռքով, ասում է Ռադիֆ Շամոյանը։

«Էսքան տեղը քանդեցի, ասի՝ գոնե ինքը հասկանա, ճամփեն բացի, էլի։ Բերեց դրեց, նորից շարեց, նորից փակեց։ Բայց բարակ պերեգարոտկա ա։ Սենց որ բացվեր, մի հատ սպուսկ սարքեի, փոքր բան կսարքեի, էդտեղից մուտքի միջով դուրս կգայի դուրս։ Չարեց ոչ մեկը։ Քաղաքապետարանից եկան, նայեցին, ասում ա՝ ուրիշի սարքածը քանդելը հեշտ ա՞։ Ոնց թե՝ ուրեմն ես 35 տարի մեռնում եմ չորս պատի մեջ, դու իրա բանկեքի մասին ես մտածո՞ւմ»։

Հարևանից ևս մերժում ստանալուց հետո հաշմանդամ կինը որոշել է թեքահարթակով տնից դուրս գալու իր իրավունքը դատարանում պաշտպանել։ Ընդամենը մեկ անգամ է հնարավորություն ունեցել մասնակցելու առաջին ատյանի դատարանի նիստին, այն էլ` հարևանների օգնությամբ։ Այստեղ էլ, սակայն, հիասթափվել է։

«Դատավորը դաժե ինձ դատարանում չէր ուզում լսեր։ Ո՞նց ա քո համար։ Չէ՛ր ուզում լսեր։ Ըդտեղ արցունքը խեղդեց ինձ, զգացի, որ նորից ստեղ ես պարտվելու եմ։ Լացելով դուրս եմ եկել դատարանից։ Խիղճներդ մեռնի, էս վիճակին, մարդը մի փոքր ճամփա ուզենա դուրս գա, օր ու արև տենա, դուք էդ վիճակին գցե՞ք»։

Եվրադատարանը չի լուծել թեքահարթակ ունենալու հարցը, բայց նշել է, որ Վճռաբեկ դատարանը, քննության չառնելով Ռադիֆ Շամոյանի հայցը, խախտել է նրա արդար դատաքննության իրավունքը։ Հաշմանդամ կինը, ով ամսական ընդամենը 47 հազար դրամ նպաստ է ստանում, Եվրոպական դատարանի որոշմամբ պետական բյուջեից 3600 եվրո կստանա՝ որպես փոխհատուցում։

«Բայց արդյոք էդ գումարը ես կստանա՞մ, կտա՞ն, որովհետև էս պետության մեջ ճշմարիտ ոչ մի բան չկա։ Չկա՛»,- թերահավատ է նա։

Կստանա եվրոպացիների սահմանած փոխհատուցումը, թե՝ ոչ, Ռադիֆը չգիտի։ Բայց երկարատև պայքարից հետո մի տխուր եզրահանգում արել է՝ Հայաստանում անտարբերությունը չափ ու սահման չունի։

«Անտարբեր են շա՜տ։ Շաաա՜տ անտարբեր են։ Կառավարությունը հենց պիտի մեր նմանի կողքին լինի, բայց՝ չէ։ Որտեղ էլ դիմում ես, նենց են դուռը շխկացնում վրեդ, որ...»,- ասում է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG