Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանը մերժել է Յունուս ամուսինների փաստաբանների բոլոր միջնորդությունները


Արիֆ և Լեյլա Յունուսները

Արիֆ և Լեյլա Յունուսները

Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում սկսվել են Յունուս ամուսինների՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսի և քաղաքագետ, հրապարակախոս Արիֆ Յունուսի գործով նախնական լսումները։

Յունուս ամուսինները ձերբակալվել են անցած տարեվերջին: Նրանց մեղսագրվում է լրտեսություն Հայաստանի օգտին, ապօրինի ձեռնարկատիրություն, ֆինանսական մեքենայություններ:

Լեյլա և Արիֆ Յունուսներին, ինչպես նաև մի շարք այլ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների անազատության մեջ պահելու՝ Ադրբեջանի վարքագիծը խստորեն դատապարտվել է միջազգային հանրության, մասնավորապես, իրավապաշտպան կառույցների կողմից:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, նախնական լսումները այսօր մեկնարկել են անվտանգության միջոցառումների խստացված պայմաններում: Լրագրողներից և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներից վերցվել էին պայուսակները, բջջային հեռախոսներն ու փաստաթղթերը:

Դատարանի դահլիճում առաջին շարքերը զբաղեցրել էին իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում շատերի համար դահլիճում տեղ չի գտնվել:

Մեղադրյալները ապակյա վանդակի մեջ էին:

Նրանց փաստաբաններն ընդգծել են, որ գործի նյութերում չկան իրենց պաշտպանյալների հանցանքի ապացույցները, միջնորդելով Յունուս ամուսիններին գրավի դիմաց ազատ արձակել կամ սահմանել տնային կալանք:

Լեյլա Յունուսի շահերի պաշտպան Էլչին Ղամբարովը նշել է, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, տառապում է շաքարախտով ու լյարդի հիվանդությամբ, շեշտելով, որ դա փաստել են միջազգային անկախ մասնագետները:

«Լյարդի քայքայումը կասեցնելու համար նշանակել են մի դեղամիջոց, որի տուփն արժե 40 հազար եվրո: Այդ ծախսը հոգում է Գերմանիայի դեսպանատունը: Դա վկայում է, որ նրան կալանքի տակ պահելը սպառնալիք է նրա կյանքի համար: Ես չեմ ցանկանում, որ Լեյլա Յունիսը մահանա բանտում», - ասել է փաստաբանը:

Լեյլա Յունուսը նիստում հայտարարել է, որ պարբերաբար բռնությունների է ենթարկվում բանտապահների կողմից․ - «Նրանց հերթական հարվածից վնասվել է ձախ աչքիս տեսողությունը»:

Ցույց տալով ամուսնու ծոծրակի ուռուցքը՝ նա կասկած է հայտնել, թե այն կարող է չարորակ լինել, ու եզրափակել է խոսքը․ - «Մեզ ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել»:

Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները: Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 27-ին:

XS
SM
MD
LG