Մատչելիության հղումներ

«Սդղի գյոլ»-ի գործով մեղադրանք առաջադրվեց Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների գործով մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Էյներ Խաչատրյանին:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաև քաղաքացի Էյներ Խաչատրյանը։ Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Էյներ Խաչատրյանը ևս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Կոմիտեն նշում է, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Խաչատրյանին հուլիսի 14-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելի վաղ Զաքարյանի նկատմամբ բռնություններ կիրառելու գործով մեղադրանք էր առաջադրվել 5 անձի։ «Որպես մեղադրյալներ ներգրավված 5 անձանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որոնցից մեկի՝ Մայիս Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 5-րդ անձին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի ներկա մյուս անձանց գործողությունների բնույթը, բռնություններին մասնակցության աստիճանը հստակեցնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Մայիս Խաչատրյանը ևս Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG