Մատչելիության հղումներ

Հայաստանում ապրող իրանցիներն ու իրանահայերը ևս տոնում են միջուկային համաձայնագրի կնքումը


Միջուկային համաձայնագրի ստորագրմամբ Իրանը պատմության նոր էջ է բացում իր համար, որը հարաբերությունների ձևավորման փուլի մեկնարկ կլինի նաև տարածաշրջանում: Իրանի և գերտերությունների հարաբերություններին հետևող իրանցիներն ու իրանահայերը վստահ են՝ այսուհետև Իրանը կփորձի մեծացնել սեփական դերակատարությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում:

«Ամբողջ Իրանը ցնծում է այս օրերին»,- ասում է Նասեր Էթեմատը,- «Ես էլ Իրանից դուրս եմ կիսում իմ ազգի ուրախությունը: Դա շատ հրաշալի լուր է Իրանի ժողովրդի համար»։

Հայաստանում տնտեսագիտություն ուսանող երիտասարդ Մուհամադ Աշրաֆի կարծիքով էլ՝ պատժամիջոցներից ազատվելու դեպքում Իրանը կկարողանա հանգիստ շունչ քաշել:

«Մենք դեռ պետք է սպասենք այդ փոփոխություններին: Իրանցիների համար շատ բան չի փոխվի, կփոխվի աշխարհի վերաբերմունքը դեպի Իրանը: Բոլորը գիտեն, որ Ամերիկան վերահսկում է ամեն ինչ, բայց մեր ժողովուրդը կարողանում է իր կամքն առաջ տանել: Ես կարծում եմ, որ աշխարհի մարդկանց մտածողության մեջ ևս ինչ-որ բան կփոխվի դեպի Իրանը: Երկիրը բաց կլինի, զբոսաշրջիկներ կգան, և բոլորը կկարողանան տեսնել այդ զարգացումը»,- ասաց Աշրաֆը։

Նոր կնքված փաստաթուղթը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, կարծում է իրանահայ Հայկ Քարամյանը, ով մի քանի տարի է՝ ընտանիքով Հայաստան է տեղափոխվել։ Նա վստահ է՝ այս համաձայնագիրը վկայում է այն մասին, որ ոչ թե Իրանում է ինչ-որ բան փոխվել, այլ՝ աշխարհում։

«Իրանը չի նորոգվի, Իրանը Իրան կմնա, աշխարհը պիտի նոր Իրանին ընդունի»,- ասաց Քարամյանը։

Մինչդեռ իրանահայ Գևիկ Դավթյանի պնդմամբ՝ եկել է ժամանակը, երբ Իրանը պետք է հասկանա, թե խաղի ինչ կանոններ է այսօր թելադրում աշխարհը:

«Բնականաբար, մենք պետք է սպասենք բարելավում, Պարսկաստանը իր մեծությամբ, իր ունեցած ռեսուրսներով, եթե կարողանա ճիշտ հարաբերվել երկրագնդի հետ, միջազգային շուկայի հետ, միջազգային հարաբերություններում ավելի ազատություններ տրամադրվեն Իրանին, ժողովրդի կենսամակարդակը կբարելավվի»,- կարծում է Դավթյանը։

Հայ - իրանական հարաբերությունները այս համաձայնագրից միայն կշահեն, վստահ էին մեր զրուցակիցները՝ հավելելով, որ քաղաքական հարաբերությունները կամրապնդվեն տնտեսական համագործակցությամբ: Զբոսաշրջությունը մեծ թափ կառնի, իրանցի ուսանողներին շատ ավելի հեշտ կլինի կրթվել հայկական բուհերում, երկների միջև ապրաքնաշրջանառությունը կմեծանա:

Իրանցի գործարար Համլետ Կրասկյանը առավելություններից առանձնացնում է ամենաարևորը՝ սահմանակից Իրանը Հայաստանի համար դառնում է արտահանման մեծ շուկա:

«Պահանջարկը շատ մեծ է Իրանում, 72 միլիոն բնակչության թիվն է, մեծ շուկա է, և մեծ մասամբ փակ է եղել, այսինքն միայն տեղական արտադրողն է կարողացել աշխատել։ Եթե բացվեց, էդ ժամանակ շանսեր ունենք, եթե կարողանանք որակյալ և ճիշտ գնով ապրանք ներկայացնել»,- ասաց գործարարը։

Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանն այսօր կարող է կամուրջ դառնալ՝ տնտեսական այս միության հսկակայան շուկան կապելով Մերձավոր Արևելքի շուկային, «Ազատությանը» փոխանցեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով՝ իշխանություններին մնում է միայն ճիշտ կողմնորոշվել և օգուտներ քաղել:

«Դա Հայաստանում կհանգեցնի լրացուցիչ քաղաքական օգուտների, այսինքն՝ Հայաստանի քաղաքական դերի բարձրացում, կվերանա անհրաժեշտությունը Հայաստանը պահելու անարդար շրջափակման մեջ, որին մենք ականատես ենք արդեն մի քանի տարիներ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք կստանանք ոչ միայն տնտեսական լրացուցիչ հնարավորություններ, այլ Հայաստանը ձեռք կբերի բոլորովին նոր քաղաքական դերակատարություն՝ առնվազն Հարավային Կովկասը Մերձավոր Արևելքին, մի կողմից, և հյուսիսին՝ Ռուսաստանին և Եվրոպային կապելու առումով, մյուս կողմից»,- ասաց Ոսկանյանը։

Ըստ իրանագետի՝ համարձակություն ունենալու դեպքում Հայաստանը կկարողանա Իրանի հետ կյանքի կոչել ոչ միայն տնտեսական, այլև մի շարք ռազմավարական կարևորության ծրագրեր՝ Հայաստան - Իրան երկաթգծի կառուցումից մինչև էներգետիկ ոլորտ:

XS
SM
MD
LG