Մատչելիության հղումներ

Իրանցիները ողջ գիշեր տոնում էին Վիեննայի համաձայնագրի կնքումը


Իրանցիները ողջ գիշեր տոնում էին Վիեննայի համաձայնագրի կնքումը
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00

Թեհրանի հազարավոր բնակիչներ անցած ողջ գիշեր տոնում էին Վիեննայում Իրանի և գերտերությունների միջև պատմական որակվող համաձայնագրի կնքումը: Շարքային իրանցիների համոզմամբ՝ սա Իսլամական հանրապետության` հեղափոխությունից ի վեր արձանագրած խոշորագույն դիվանագիտական հաղթանակներից մեկն է:

«Մենք արեցինք դա, մենք վերջապես դա արեցինք: Մենք հաղթեցինք աշխարհի հինգ առաջատար պետություններին` լինելով բացարձակապես միայնակ», - ամերիկյան NBC հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում նշում էր Թեհրանի բնակչուհիներից մեկը:

Մեկ այլ իրանցի կին էլ նկատում էր․ - «Ես շատ ուրախ եմ, ես իրոք շատ ուրախ եմ: Մենք առնվազն 10 տարի սպասում էինք այս օրվան»:

Բանակցությունների գլխավոր հերոս համարվող արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տրամադրությունը լիովին համահունչ է Թեհրանի փողոցներում տիրող տոնական մթնոլորտին:

«Այսօր բանակցություններն ավարտվել են մի արդյունքով, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձևով` առաջին անգամ պատմության մեջ, կճանաչվի զարգացող պետության` միջուկային ծրագիր ունենալու իրավունքը: Սա կատարյալ շրջադարձ է», - հայտարարում էր Զարիֆը:

Բանաձևի նախագիծը, որի մասին խոսում էր Զարիֆը, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում շրջանառության մեջ կդրվի արդեն այսօր: Դրանով կհստակեցվեն այն ուղիները, որոնց միջոցով, մի կողմից, սահմանափակվելու է Իրանի միջուկային ծրագիրը, մյուս կողմից էլ՝ վերացվելու են երկրի էներգետիկ ոլորտի և ֆինանսական սեկտորի հանդեպ 2006-ից կիրառվող բոլոր պատժամիջոցները: Ուշագրավ է, որ բանաձևի հեղինակները ՄԱԿ-ում հավատարմագրված ամերիկացի դիվանագետներն են:

Համաձայնագրի մշակմանը մասնակցած եվրոպական պետությունների ներկայացուցիչները հույս ունեն, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն կտան նոր էջ բացել Թեհրանի հետ հարաբերություններում:

Առաջիններից մեկը Իրանի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամություն հայտնեց պաշտոնական Փարիզը, որը, ի դեպ, բանակցությունների առավել կոշտ դիրքորոշում որդեգրած կողմն էր:

«Երեկ, երբ մենք միմյանց հրաժեշտ էինք տալիս, Իրանի արտգործնախարար Զարիֆը ինձ կրկին հրավիրեց Թեհրան: Նա նախկինում էլ էր ինձ հրավիրել, սակայն ես մերժել էի: Այս անգամ ես ասացի, որ կմեկնեմ Իրան, և ես մեկնելու եմ», - այսօր հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:

Նա, սակայն, հերքեց փարիզյան մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ֆրանսիան պատժամիջոցների վերացումից հետո շտապելու է Իրանի հետ մի շարք տնտեսական պայմանագրեր կնքել:

«Երբ ես և նախագահ Օլանդը ռազմավարական որոշում կայացրեցինք` հավանության արժանացնել այս համաձայնագիրը, մենք առաջնորդվում էինք ոչ թե տնտեսական շահավետության նկատառումներով, այլ միջուկային զենքի տարածումը կանխելու ցանկությամբ», - նշում էր Ֆաբիուսը:

Անորոշության գլխավոր աղբյուրը, այդուհանդերձ, Վաշինգտոնում է: Հայտնի է, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը 60-օրյա ժամկետում պետք է քննարկման դրվի ամերիկյան Կոնգրեսում: Ամերիկացի օրենսդիրները, սակայն, առայժմ չեն էլ փորձում կանխատեսել ապագա քվեարկության արդյունքները:

Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարի Ռիդը լրագրողների հետ զրույցում անցած գիշեր նշում էր․ - «Սա 100-էջանոց փաստաթուղթ է: Իմ աշխատակազմը դեռ չի էլ ծանոթացել դրա բովանդակությանը: Անցած գիշեր ես խոսել եմ նախագահ Օբամայի հետ և խորհուրդ կտայի բոլոր սենատորներին` նախ եկեք տեսնենք, թե ինչ փաստաթուղթ ունենք ձեռքի տակ»:

Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելի կանխատեսմամբ էլ՝ համաձայնագիրը կարող է և չարժանանալ օրենսդիրների հավանությանը:

«Մենք բոլորս էլ գիտենք, որ երկրի գլխավոր դեմոկրատը նախագահ Օբաման է, և նա կողմ է այս համաձայնագրին: Նա է բանակցել փաստաթղթի շուրջ, և նա լուրջ աշխատանքներ կիրականացնի [վավերացման համար] անհրաժեշտ 34 քվեն ապահովելու համար: Կարող եմ միայն ասել, որ դա շատ լուրջ մարտահրավեր է լինելու նրա համար, և շատ առումներով Օբաման կարող է չհաջողել», - նշում էր ՄըքՔոնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG