Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ն արդարադատության նախարարի հրաժարականը չի կապում նոր կոալիցիայի ձևավորման հետ


Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրաժարականը իշխող Հանրապետական կուսակցությունում չեն կապում նոր կոալիցիայի ձևավորման կամ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված քաղաքական հնարավոր վերադասավորումների հետ։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում չցանկացավ կարծիք հայտնել հրաժարականի վերաբերյալ, միայն նշեց, որ այդ պորտֆելը Հայ հեղափոխական դաշնակցությանը տալու վերաբերյալ երեկվանից լայնորեն շրջանառվող տեսակետները ընդամենը տեսակետներ են։

Նախարարի՝ շատերի համար անակնկալ հրաժարականի մասին հայտնի դարձավ երեկ. Հովհաննես Մանուկյանը վարչապետի որոշմամբ հուլիսի 9-ից գտնվում է արձակուրդում և պետք է աշխատանքի վերադառնար այս ամսվա վերջին։ Նախ՝ նախարարի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց հրաժարականի լուրը, այնուհետև հրապարակվեց նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ Մանուկյանին պաշտոնից ազատելու մասին։

Արդեն նախկին նախարարն արտերկրում է և այսօր էլ շարունակում է չպատասխանել հեռախոսազանգերին։ Մամուլն ու տարբեր վերլուծաբաններ հրաժարականը դիտարկում են սահմանադրական բարեփոխումների համատեքստում՝ կարծիք հայտնելով, որ թերևս հանրաքվեից առաջ Դաշնակցության համար նախարարական պորտֆելներ ազատելու հարց է լուծվում, չէ՞ որ ՀՅԴ-ն կողմ է փոփոխություններին, ինչն էլ դեռևս անցյալ տարեվերջին ոչ իշխանական քառյակից այս քաղաքական ուժի անջատվելու պատճառը դարձավ։

Վահրամ Բաղդասարյանը փոխանցեց, որ դաշնակցականների հետ որևէ բանակցություն չի տարվում.- «Ի՞նչ կապ ունեն դաշնակցականները դրա հետ։ Ես ընդհանրապես կապ չեմ տեսնում։ Եթե սահմանադրական բարեփոխումների հետ կապ ուներ, կհամբերեին՝ ավարտվեր։ Եթե մենք դաշնակցականների հետ որևէ բանակցություն չենք տանում այդ ուղղությամբ, ես ի՞նչ կապ կարող եմ տեսնել»։

Դաշնակցությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հարց այսօր իրենց օրակարգում չկա։ Չնայած մամուլում որպես արդարադատության նախարարի հնարավոր թեկնածու շրջանառվում է դաշնակցական Արծվիկ Մինասյանի անունը, սակայն կուսակցության պատասխանատուները ասացին, որ Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունը որևէ կապ չունի իրենց հետ, և ոչ էլ որևէ առաջարկություն է արվել ՀՅԴ-ին այդ պաշտոնի հետ կապված։ «Պաշտոնյաներ են՝ ազատվում են, նշանակվում են, դա նշանակում է պիտի անպայման կապվի Դաշնակցության հե՞տ», - տարակուսած էին մեր զրուցակիցները։

Հովհաննես Մանուկյանը արդարադատության նախարարի պաշտոնում աշխատեց ընդամենը 1 տարի 2 ամիս։ Նա այն պաշտոնյաներից էր, որի անվան հետ որևէ սկանդալ չի կապվել, նախարարը միշտ աչքի է ընկել զսպվածությամբ։ Նրա գործընկերների մոտ էլ առկա է այն համոզմունքը, որ Հովհաննես Մանուկյանը վիրավորված էր, քանի որ իրեն չեն ընդգրկել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում։

«Աննրբանկատ վերաբերմունք է դրսևորվել Հովհաննես Մանուկյանի նկատմամբ. նա ոչ միայն պետք է ընդգրկված լիներ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում, այլև իր ծանրակշիռ խոսքը պետք է ասեր այդ հանձնաժողովի կազմում՝ հանդիսանալով ոչ միայն Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, այլ նաև գործող արդարադատության նախարար։ Եվ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների նախաշեմին արդարադատության նախարարի խորհրդավոր հեռանալը կարող է վկայել, որ կա'մ նա սկզբունքային անհամաձայնություն է ունեցել բարեփոխումների նախագծի վերաբերյալ, կա'մ անձնական վիրավորվածություն է ունեցել հանձնաժողովում չընդգրկվելու առումով, կա'մ նրան հեռացրել են։ Բոլոր տարբերակներն էլ խոսում են մեր կառավարման համակարգի անորակության, ախտահարված լինելու մասին»,- «Ազատությանը» ասաց փաստաբան Նորիկ Նորիկյանը։

44-ամյա Մանուկյանը դատաիրավական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 2005-ից Վճռաբեկ դատարանի նախագահն էր, այդ պաշտոնին էլ հրաժեշտ էր տվել 2008-ի սեպտեմբերին։ Լրատվամիջոցները Մանուկյանի հրաժարականը կապում էին մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նրա որոշ հայտարարությունների հետ։ «Իմ ժողովրդի նկատմամբ հարգանքն ավելի մեծացել է, որովհետև մենք համոզվեցինք, որ ունենք առողջ ժողովուրդ, որը կարող է իր խնդիրները բարձրացնել»,- ասել էր Մանուկյանը։ Եվ երբ հաշված ամիսներ անց նա հեռացավ Վճռաբեկի նախագահի պաշտոնից, եղան նաև այնպիսի եզրակացություններ, թե Մանուկյանի առաջ թերևս խնդիր է դրված եղել անփոփոխ թողնել «Մարտի 1»-ի սուտ ցուցմունքների հիման վրա կայացված դատավճիռները, ինչը նա չի ցանկացել անել։

Որոշ մեկնաբաններ էլ, հակառակը, համոզված են, որ Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի կադրն է։

Վերլուծաբան, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արդարադատության նախարարությունը անգործունակ, անկարևոր մի օղակ է, որը սահմանադրական փոփոխությունների արդյունքում կարող է առհասարակ դադարել այս տեսքով գոյություն ունենալ։

Անդրադառնալով է Հովհաննես Մանուկյանի կարճատև պաշտոնավարմանը՝ Բաբաջանյանն ասաց.- «Նա եկավ որպես Հովիկ Աբրահամյանի կադր, քարտ բլանշ էր տրված նոր վարչապետին՝ իր նախընտրած կադրերով գալ և փոփոխություններ բերել։ Այդ փոփոխությունները հնարավոր չեղան բերել, որովհետև իրողություններն էին տարբեր, և իրականում այն լծակները, որ կուզեր Հովիկ Աբրահամյանը ունենալ, նրան չտրվեցին»։

XS
SM
MD
LG