Մատչելիության հղումներ

Գյանջայի վերաքննիչ դատարանը մերժեց Արսեն Բաղդասարյանի բողոքը


Գյանջայի վերաքննիչ դատարանը այսօր մերժել է 2014 թվականի դեկտեմբերին ադրբեջանական գերության մեջ հայտնված և այս տարվա մայիսին 15 տարվա ազատազրկման դատապարտված Արսեն Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը:

Ինչպես փակ դատական նիստի ժամանակ հայտնել է դատավոր Թեյուբ Մուխթարովը, դատապարտյալը իր բողոքում նշել է, որ Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը իր վճռում բավարար չափով հաշվի չի առել մեղմացուցիչ հանգամանքները, և խնդրել է մեղմացնել պատիժը:

Վերաքննիչ դատարանը, սակայն, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, համարել է, որ առաջին ատյանի դատարանում Բաղդասարյանին վերաբերվել են բավական մարդասիրաբար և նախատեսված հոդվածներից առավելագույն մեղմ պատիժ են նշանակել:

Վերաքննիչ բողոքի հետ կապված նախնական նիստում հուլիսի 8-ին, ըստ ադրբեջանական նույն գործակալության, Բաղդասարյանը ասել էր, թե ինքը Ադրբեջանի քաղաքացի է և ափսոսում է իր «արածի» համար:

Արսեն Բաղդասարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հանցավոր կազմակերպությանը անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե Բաղդասարյանը դիվերսանտ է, ով գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG