Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները վաղվանից անժամկետ նստացույց կսկսեն


Նաիրիտցիների ցույցը կառավարության շենքի մոտ, 4-ը հունիսի, 2015թ.

Նաիրիտցիների ցույցը կառավարության շենքի մոտ, 4-ը հունիսի, 2015թ.

Նաիրիտցիները վաղվանից անժամկետ նստացույց կսկսեն Կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են մարել իրենց տարիների աշխատավարձի պարտքը։

Հիշեցնենք, երեկ «Նաիրիտ»-ի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը իր մոտ հրավիրեց ցույցերը համակարգող խմբի անդամներին և տեղեկացրեց, որ պարտքը կմարվի միայն այն դեպքում, եթե աշխատակիցները գրավոր պարտավորություն ստորագրեն, որ հետագայում չեն պահանջելու աշխատավարձի չվճարման հետ կապված տույժերն ու տուգանքները. աշխատանքային պայմանագիրը նախատեսում է 0.15 տոկոսի չափով տույժ աշխատավարձի ուշացման յուրաքանչյուր օրվա համար:

Թեև նաիրիտցիները համաձայնեցին հրաժարվել աշխատավարձի հետ կապված տույժերից ու տուգանքներից, սակայն այսօր գործարանի մոտ հավաքված աշխատողներին այդպես էլ ոչ մի փաստաթուղթ չտվեցին ստորագրելու. տնօրինությունից պատճառաբանեցին, որ փոխվել է պարտավորություններ կատարող կողմը. համաձայնագիրը ստորագրելու է «Նաիրիտ 2»-ի տնօրեն Գագիկ Հակոբյանը և ոչ թե «Նաիրիտ»-ի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանը, իսկ գումարը վճարվելու է ըստ խմբերի։

«Մեզ շատ են խաբել, համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ մենք սկսում ենք նստացույց, և եթե խոստումի համաձայն, հինգ օրվա ընթացքում մեր բոլորիս պարտքը մարեն, մենք նույն օրն էլ տուն կգնանք։ Բացի այդ, մենք համաձայն չենք, որ մի մասի աշխատավարձը վճարվի, մյուսները սպասեն», - «Ազատության»-ը փոխանցեց ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ մոտ երեք շաբաթ առաջ վարչապետն անձամբ խոստացել էր, որ աշխատավարձի պարտքը ամբողջությամբ կմարվի մինչև հուլիսի 15-ը: Կառավարության կողմից վերջին հավաստիացումը հնչել էր հուլիսի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG