Մատչելիության հղումներ

Սանասարյան. «Եթե ՀԾԿՀ-ն չչեղարկի որոշումը, մենք կշարունակենք անհնազանդությունը»


«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց Բաղրամյան պողոտայից մինչև Մելիք-Ադամյան փողոց՝ ՀՀԿ գրասենյակ:

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունն այսօր հայտարարեց, որ առաջիկայում մի շարք բողոքի ակցիաներ է կազմակերպելու։ Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաև փողոցներ են փակելու։ Պայքարի նոր փուլի մասին նրանք խոսեցին Բաղրամյան պողոտայի այն հատվածում, որտեղ օրեր շարունակ բարիկադներ էին տեղադրված։

«Ոտքի՛ Հայաստան»-ը նաև նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ էր պատրաստել. այսօրվա ակցիայի ժամանակ ասացին, որ նամակը հանձնելու են ոչ թե նախագահական նստավայր, այլ Հանրապետական կուսակցության գրասենյակ, քանի որ իրենց համար Սերժ Սարգսյանը նախագահ չէ։

Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ասաց, որ սակագնի բարձրացման որոշման չեղարկումը շարունակում է իրենց հիմնական պահանջը մնալ։

«Մենք շարունակելու ենք մեր քաղաքացիական անհնազանդությունն այնքան ժամանակ, մինչև որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ ճանաչի սակագնի բարձրացման մասին իր ընդունած որոշումը։ Եթե մինչև օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն չընդունի այդ որոշումը, մենք կշարունակենք քաղաքացիական անհնազանդությունն այնքան ժամանակ, մինչև պետությունը չհարուցի քրեական գործեր էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ», - հայտարարեց Սանասարյանը։

Եթե պահանջները չկատարվեն, ապա նախաձեռնությունը երեք փուլով շարունակելու է պայքարը. նախ պատրաստվում է այցելել Հայաստանում ապրող բոլոր ընտանիքներին և թռուցիկներ բաժանել, հետո տարբեր փողոցներ փակել մայրաքաղաքում և դրանից դուրս, երրորդ փուլով՝ կոչ են անելու քաղաքացիներին չվճարել կոմունալ վարձերը։ Թե երբ է այս ամենը լինելու՝ դեռ չի հստակեցնում։

«Մեր գործողություններով երկրում կստեղծենք այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք [Սերժ Սարգսյան] վերադարձնել իշխանությունը ժողովրդին», - ասաց Սանասարյանը։

Ցուցարարները Բաղրամյան պողոտայից երթով շարժվեցին Հանրապետական կուսակցության գրասենյակ, նամակը փոխանցեցին, բայց ասացին, որ դրա հետ հույսեր չեն կապում։

Պայքարի ապագայի մասին կխոսեն ուրբաթ. այդ օրը նախաձեռնությունը պատրաստվում է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում։

Զուգահեռաբար սակագնի բարձրացման դեմ պայքարում է նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը։ «Ոտքի՛ Հայաստան»-ից Անդրիաս Ղուկասյանն ասաց՝ դեռ ուսումնասիրում են, թե ինչ է կատարվում «Ո՛չ թալանին» նախաձեռնության ներսում։

«Անձամբ ինձ, օրինակ, պարզ չէ՝ ով է ընդունում այդ խմբում որոշումներ, համապատասխանում են այդ որոշումները այդ խմբի՝ ի սկզբանե հռչակած սկզբունքներին, նպատակներին և խնդիրներին։ Երբ այդ հարցերը հստակ կլինեն, հնարավոր կլինի պատասխանել՝ համագործակցության եզրեր կան, թե՝ ոչ»,- ասաց Ղուկասյանը։

Համագործակցելուն դեմ չեն նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնությունում, բայց երկու խմբերն էլ շարունակում են առանձին գործել։ Երեկ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը Երևանի կենտրոնում բողոքի երթ անցկացրեց, որն ավարտվեց գլխավոր դատախազության դիմաց։ Ցուցարարները նամակ հանձնեցին գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատժել Բաղրամյան պողոտայում քաղաքացիների հանդեպ բռնություն կիրառած ոստիկաններին։

Նամակի պատրաստմանը մասնակցած, նախաձեռնության անդամ իրավաբան Արա Ղարագյոզյանը ասաց, որ ոստիկանությունը իր գործողություններով մի շարք օրենքներ է խախտել, և նամակում դա հիմնավորել են։

«Քանի որ հիմա պաշտոնատար անձանց գործողություններն է վիճարկվելու, հավանաբար կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն՝ քննելու, դատախազն էլ որպես անմիջական վերահսկող մարմին կդիտվի»,- ասաց Ղարագյոզյանը։

Ղարագյոզյանի խոսքով՝ գլխավոր դատախազությունը իրենց նամակին պետք է տասն աշխատանքային օրվա ընթացքում պատասխանի։ Եթե մերժեն դիմումը, ապա այն կբողոքարկեն դատարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG