Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը կհանի Իրանին զենք վաճառելու էմբարգոն, եթե Թեհրանը կատարի համաձայնագիրը


ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն և Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին Վիեննայում համաձայնագիր են ստորագրում, 14-ը հուլիսի, 2015թ.
ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն և Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին Վիեննայում համաձայնագիր են ստորագրում, 14-ը հուլիսի, 2015թ.

Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն, երբ ԱԷՄԳ-ը հաստատի, որ Թեհրանը հետևողականորեն կատարում է համաձայնագիրը։

Հուլիսի 14-ին Իրանը և վեց գերտերությունները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համաձայնության հասան Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։

Համաձայնությունն առաջին հերթին ենթադրում է պատժամիջոցների թեթևացում. Իրանի հանդեպ սահմանված ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները կվերացվեն, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատի, որ Թեհրանը հետևողականորեն կատարում է համաձայնագիրը։

Պատժամիջոցները վերացնելու հեռանկարում Իրանը հնարավորություն կունենա առևտրից հարյուր միլիարդավոր դոլարների եկամուտ ստանալ, միջազգային կոմերցիոն ներդրումները կարող են խթանել երկրի տնտեսության զարգացումը, Իրանի նավթի և գազի հնացած սեկտորը հնարավորություն կստանա ձեռք բերել արևմտյան ժամանակակից տեխնոլոգիաներ, կվերացվեն միջուկային տեխնոլոգիաներին առնչվող սարքավորումների նկատմամբ սահմանափակումները, ինչը Իրանին անհրաժեշտ է՝ զարգացնելու խաղաղ նպատակով միջուկային ծրագրերը։ ՄԱԿ-ը հինգ տարվա ընթացքում կհանի Իրանին զենք վաճառելու էմբարգոն, իսկ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաների արգելքը կվերացվի ութ տարվա ընթացքում։ Եվրամիությունը կհանի Իրանի բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ գործարքներ կատարելու արգելքը։

Երկրորդ հերթին՝ համաձայնագիրը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակում. 15 տարվա ընթացքում սահմանափակումներ կլինեն ուրանի հարստացման ծրագրերի նկատմամբ, Իրանը 98 տոկոսով կկրճատի հարստացված ուրանի ծավալները, Իրանին կթույլատրվի ուրանի հարստացման այնքան ծավալներ ունենալ, որոնք անհրաժեշտ են միջուկային վառելիքի համար՝ դա կլինի 3.67 տոկոսից ոչ ավելին, ինչը շատ հեռու է 90 տոկոսի մակարդակից, որն անհրաժեշտ է միջուկային զենք ստեղծելու համար։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետներին մշտական մուտք է թույլատրվելու Իրանի առանցքային միջուկային օբյեկտներ, նրանք նաև իրավունք կունենան մուտք գործել միջուկային գործունեության կասկածելի նշաններ ցուցաբերող ռազմական օբյեկտներ, իսկ մերժվելու դեպքում կարող են դիմել արբիտրաժային կոլեգիային։

Իրանը ներկայիս 19 հազար ցենտրիֆուգները, ըստ պայմանավորվածության, կրճատելու է մինչև 6 հազարի։ Հակառակ գործունեության մեխանիզմը ենթադրում է պատժամիջոցների վերականգնում այն դեպքում, եթե Իրանը խախտի համաձայնագրի պայմանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG