Մատչելիության հղումներ

Մաքսիմ Սարգսյան. «Նման տականքները պետք է հեռացվեն համակարգից»


Մաքսիմ Սարգսյանը բողոքի երթի ժամանակ, Երևան, 14-ը հուլիսի, 2015թ.

Մաքսիմ Սարգսյանը բողոքի երթի ժամանակ, Երևան, 14-ը հուլիսի, 2015թ.

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները պահանջում են պատասխանատվության ենթարկել ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։

«Եթե երկրում կա լավ ոստիկան ունենալու ցանկություն, ուրեմն նման տականքները պետք է հեռացվեն համակարգից, այլ տարբերակ չկա», - երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ ջրցան մեքենաների ու հատուկ տեխնիկայի գործադրմամբ, բռնի ուժով, հայհոյանքներով հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները ցրեցին Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին։ Այդ օրը ոստիկանությունը բռնություն կիրառեց նաև ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։

Երեկ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները մոտ 20 րոպեով փակեցին Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոցի խաչմերուկը՝ պահանջելով իրենց երաշխիքներ տրամադրել, որ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն, ինչպես նաև քրեական գործեր կհարուցվեն նրանց նկատմամբ։

«Հեռացվելուց հետո այս տականքները պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի նրանք, ովքեր նոր կմտնեն համակարգ, նախադեպ ունենան ու իմանան, որ ցանկացած իրենց ապօրինի քայլի դեպքում, քաղաքացին հասնելու է նրան, որ իրենք հեռացվելու են համակարգից և քրեական պատասխանատվություն են կրելու։ Այդ ժամանակ մենք կունենանք իրոք բարեփոխված ոստիկանություն, որը կլինի քաղաքացու կողքին», - ասաց Մաքսիմ Սարգսյանը։

Երեկվա ցույցի ժամանակ ակտիվիստները պարզել էին պաստառներ, որոնց վրա փակցված էին նաև հունիսի 23-ին ու դրան հաջորդած օրերին Բաղրամյան պողոտայում գտնվող բարձրաստիճան ոստիկանների, մասնավորապես՝ Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի լուսանկարները։

«Պետք է պատասխանատվություն կրեն նաև այդ օրերին Բաղրամյան պողոտայում աշխատող այն ոստիկանները, ովքեր անմիջական հրամանատար են եղել այդ գործողություններին։ Որովհետև հրաման արձակողը հենց նրանք են եղել։ Մեր հայտարարությունում հստակ ասվեց, որ եթե [Հայաստանի ոստիկանապետ] Գասպարյան Վովան ընդունում է, որ այդ գործողությունները եղել են իր հրամանով՝ իր անմիջական իմացությամբ, ապա հետագա քայլերի մասին կհրապարակենք այլ ձևով, այլ քայլերով։ Իսկ այս դեպքում, եթե ինքը չի ընդունում, որ ոստիկանությունում կարող են լինել նման սրիկաներ, ու ինքը չի տվել հրաման՝ քաղաքացիների հետ նման կերպ վարվել, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները», - հայտարարեց Սարգսյանը։

Նշենք, որ երիտասարդները երեկ մոտ 30 րոպեանոց նստացույց արեցին նաև Հանրապետության հրապարակում, այնուհետև հասնելով Գլխավոր դատախազություն՝ իրենց պահանջները բացատրող նամակ հանձնեցին։

«Ազատության» հարցին՝ արդյոք դատախազությունը կարձագանքի՞ իրենց պահանջներին, ակտիվիստը պատասխանեց. - «Թող փորձեն ու չարձագանքեն. Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն ցույց է տվել իր ուժը ու պատրաստ է նորից դուրս գալ փողոց։ Թող փորձեն ու չարձագանքեն»։

Իսկ հոսանքի թանկացման շուրջ իրենց հետագա քայլերի մասին ակտիվիստները խոստացան բարձրաձայնել մոտակա օրերին։

XS
SM
MD
LG