Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Պատասխանը լինելու է անհամարժեք և անդառնալի կորուստներով հղի


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեկ երեկոյան հաղորդագրություն է տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ով, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման:

«Հավատարիմ մնալով իր ապակառուցողական դիրքորոշմանը և շարունակելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները` ադրբեջանական կողմը այսօր հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում: Դրանում համոզվելու համար ղարաբաղյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնակցությամբ տեղում անցկացնել դիտարկում և պարզել իրական ճշմարտությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` հայկական բնակավայրերի և ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և անդառնալի կորուստներով հղի», - հայտարարում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը և ընդգծում, որ «առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG