Մատչելիության հղումներ

logo-print

Մոտ տասը տարի պահանջվեց «Նյու Հորայզընս» անվանումը կրող արբանյակից՝ հասնելու ժամանակին Արեգակնային համակարգում ամենահեռավորը համարված Պլուտոն թզուկ մոլորակին։

ԱՄՆ-ի Տիեզերական հետազոտությունների գործակալության՝ NASA-ի «Նյու Հորայզոնս» («Նոր հորիզոններ») արբանյակն իր ճամփորդությունը սկսել է 2006 թվականին։ Հաջորդ տարի անցել է Յուպիտերի մոտով ու դրանից 9 տարի անց մոտեցել Պլուտոնին. այս մոլորակին ամենամոտը գտնվում էր երեքշաբթի օրը Վաշինգտոնի ժամանակով առավոտյան ժամը 7-ն անց 49 րոպեին՝ հեռավորությունը կազմում էր ընդամենը 12.5 հազար կիլոմետր։ Ընդամենը, քանի որ 4 միլիարդ 800 միլիոն կիլոմետր անցնելուց հետո 12 հազար կիլոմետրը չնչին տարածություն է տիեզերքի համար։

Պատմության մեջ ամենաարագընթաց այս հրթիռը, որն անցնում է վայրկյանում ավելի քան 48 կմ տարածություն, Պլուտոնին հասավ գերճշգրտությամբ՝ գիտնականների հաշվարկից միայն մեկ րոպե ավելի շուտ։ Ու եթե այս արագությամբ ընթացքի ժամանակ տիեզերքում հանդիպեր թեկուզ բրնձի հատիկի չափսերի որևէ մարմնի, հարվածի տակ կմասնատվեր հազարավոր կտորների։

NASA-ի գիտնականները շունչները պահած էին սպասում այն պահին, երբ մինչև մոլորակին մոտենալն այն կուղարկեր առաջին պատկերները։ Իսկ նկարահանումից հետո դրանց՝ ռադիոալիքներով երկիր հասնելու համար մի քանի ժամ էր պահանջվելու։ Առաջին իսկ լուսանկարի վրա հստակ երևում է սառցից ու ժայռաբեկորներից կազմված Պլուտոնի տեղագրությունը։ Պլուտոնին ամենամոտը գտնվելու պահին «Նյու Հորայզընս»-ն իր ալեհավաքներն ուղղեց դեպի մոլորակը և որոշ ժամանակով կապը կտրեց երկրագնդի հետ։ Դա գիտնականների համար շունչը պահելու ժամանակն էր, որից հետո մինչև 2Օ16 թվականի հոկտեմբեր ամիսն արբանյակից մաս մաս կստանան հարյուր հազարավոր լուսանկարներ։ Այն դեռ անցնելու է միլիարդավոր կիլոմետրեր։

Իր այս ճամփորդության ընթացքում նաև Պլուտոնի 5 լուսիններն ուսումնասիրելու առաքելությամբ «Նյու Հորայզընս»-ն իր հետ դեպի Պլուտոն ու տիեզերքի խորքներն է տանում այս մոլորակը 1930 թվականին հայտնաբերած ամերիկացի գիտնական Քլայդ Թոմբոյի մոխրից 3Օ-գրամանոց մի մասունք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG