Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Սեյրան Օհանյանի տիկնոջ հայցով դատավորությունն ընդդեմ «Հրապարակ»-ի


Պաշտպանության նախարարի տիկինը պահանջում է թերթին պարտավորեցնել հերքել անցած մայիսին տպագրված տեղեկությունները, որոնց համաձայն իր անունը կապվում էր գործարար Փայլակ Հայրապետյանի որդու՝ Հովիկ Հայրապետյանի մահվան հետ։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր սկսեց քննել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։

Նախարարի տիկնոջ փաստաբան Կարեն Մեժլումյանը վստահ է, որ դատարանը հօգուտ իրենց որոշում կկայացնի։ Նա պնդում է, որ թերթը զրպարտել է նախարարի կնոջը․ - «Մենք գտել ենք, որ զրպարտությունն ակնհայտ է, հետևաբար իմ վստահորդի արժանապատվության հարգման իրավունքը պաշտպանված է, և պետք է դիմենք մեր իրավունքների դատական պաշտպանության: Ես գտնում եմ, որ առավել քան բավարար հիմք կա հայցը բավարարելու համար: Հանրությունը ցանկանում է ծանոթանալ: Այդտեղ հերքում չկա»:

«Հրապարակ» օրաթերթը, մինչդեռ, շարունակում է պնդել՝ Սեյրան Օհանյանի տիկնոջ մասին գրելիս վկայակոչել է այլ աղբյուրներ, հրապարակել է նաև տիկնոջ տեսակետը՝ օգտվելով թե՛ նրա ֆեյսբուքյան էջի գրառումներից, և թե՛ նրա ղեկավարած «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նամակից։

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը չի պատրաստվում հրապարակել նախարարի տիկնոջ հերքումը՝ պնդելով, որ թերթն արդեն անդրադարձել է նախարարի տիկնոջ հերքման տեքստում տեղ գտած տեսակետներին: Այսօր դատարանում նույնը պնդեց հոդվածի հեղինակ Սյուզան Սիմոնյանը։

«Ազատության» հետ զրույցում Արմինե Օհանյանը հայտարարեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ինքը չի ընկրկի՝ կգնա մինչև Եվրոպական դատարան․ - «Մեր հրապարակումը ամենաանմեղ հրապարակումներից մեկն է լրագրողական գործունեության պրակտիկայում, և այդպիսի հոդվածի հետ կապված ի վնաս մեզ որոշում կայացելը շատ բարդ է լինելու»:

Նա նաև նշեց, որ եթե դատավորը ի վնաս թերթի որոշում կայացնի, ապա այդ որոշումը կդառնա միջազգային լրագրողական հանրության քննարկման առարկա։

Մյուս կողմից, «Հրապարակ»-ում հաշվի են առնում նաև Պաշտպանության նախարարի հնարավոր ներգործությունը դատարանի վրա։

Արմինե Օհանյանի համոզմամբ՝ Հայաստանում դատարանները ավելի շատ առաջնորդվում են անձով, քան բուն գործի էությամբ․ - «Այս դեպքում Սեյրան Օհանյանի անձը, բնականաբար, ներգործություն է ունենում, և պարտադիր չի, որ անձամբ որևէ ձևով, հրահանգով ազդի, այլ պարզապես որ ինքն է հետևում կանգնած՝ դա արդեն դատարանի համար շատ կողմնորոշիչ ազդակ է»:

«Մամուլի դեմ արշավ է սկսվել», - ասաց նա՝ դա պայմանավորելով երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակով․ - «Քննադատության արժանի նյութերը շատ են, ու ամեն գնով փորձում են զսպաշապիկ հագցնեն մամուլին»։

XS
SM
MD
LG