Մատչելիության հղումներ

Թուրք ազգայնականները հրաժարվում են մաս կազմել կոալիցիոն կառավարությանը


Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելի, արխիվ

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելի, արխիվ

Վարչապետի պաշտոնակատար Դավութօղլուն շարունակում է բանակցությունները ընդդիմադիրների հետ:

Թուրք ազգայնականները հրաժարվում են մաս կազմել նոր ձևավորվող կոալիցիոն կառավարությանը: Այս մասին երեքշաբթի օրը «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ մոտ երկու ժամ տևած դռնփակ խորհրդակցությունից հետո հայտարարեց Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն:

«Հունիսի 7-ի ընտրություններից հետո «Ազգայնական շարժման» առաջնորդ Դևլեթ Բահչելին շարունակաբար հայտարարում էր, թե չի ցանկանում, որ իր ղեկավարած քաղաքական ուժը մասնակցի կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Չնայած դրան, ես չեմ բացառում, որ պարոն Բահչելիի հետ մենք կրկին հանդիպենք հուլիսի 17-ից` Էյդ-ալՖիթր տոնից հետո», - հայտարարեց թուրքական կառավարության ղեկավարը:

Ազգայնականների առաջնորդ Բահչելիի և վարչապետի պարտականությունները կատարող Դավութօղլուի՝ երեկ թուրքական խորհրդարանի շենքում կայացած հանդիպումը, ի դեպ, միջկուսակցական խորհրդակցությունների շարքում առաջինը չէր: Դեռ նախորդ օրը` հուլիսի 13-ին, Ահմեթ Դավութօղլուն հանդիպել էր նաև Ազգային մեծ ժողովում ներկայացված մեծությամբ երկրորդ ուժի` Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլքըչդարօղլուի հետ: Այս հանդիպումը Դավութօղլուն բնութագրել էր որպես «բարեկամական և կառուցողական»:

Այսօր արդեն Ահմեթ Դավութօղլուն կհանդիպի քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահեթդին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի հետ:

Թուրքական մամուլը, սակայն, քիչ հավանական է համարում, որ 2002 թվականից ի վեր առաջին անգամ խորհրդարանական մեծամասնությունը կորցրած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոալիցիա կազմի հենց քրդերի հետ: Առավել հավանական տարբերակ է համարվում այսպես կոչված մեծ կոալիցիան` «Արդարություն և զարգացում» և Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների համատեղ կառավարության ձևավորումը: Եթե այս տարբերակն էլ իրականություն չդառնա, Թուրքիան դեմ առ դեմ կհայտնվի արտահերթ ընտրությունների հեռանկարի հետ:

Ահմեթ Դավութօղլուն, սակայն, հույս ունի, որ կկարողանա արդյունավետ բանակցություններ անցկացնել ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Որպես կուսակցություն՝ «Արդարություն և զարգացում»-ը հավասարաչափ հեռավորություն է պահպանում բոլոր մյուս ուժերից` շարունակելով խորհրդակցությունները: Բոլորս էլ նույն տեսակետն ունենք` Թուրքիան չի կարող գոյատևել առանց կառավարություն: Ավելին, մեզ ուժեղ կառավարություն է հարկավոր», - նշում էր Դավութօղլուն:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, Դավութօղլուին կառավարություն ձևավորելու հանձնարարությունը տվել էր հուլիսի 9-ին: Կառավարություն ձևավորելու համար, ըստ Սահմանադրության, Դավութօղլուն ուղիղ 45 օր ունի` մինչև օգոստոսի 22-ը:

XS
SM
MD
LG