Մատչելիության հղումներ

logo-print

Թբիլիսիին մտահոգել են Հարավային Օսիայում ռուսական զորքերի սահմանագծման աշխատանքները


Թբիլիսին մտահոգված է Վրաստանից անջատված Հարավային Օսիայում ռուսական զորքերի վերջին օրերի սահմանագծման աշխատանքներով, որի հետևանքով Վրաստանը կորցնում է վերահսկողությունը Բաքու - Սուպսա ռազմավարական նշանակություն ունեցող նավթատարի 1 կմ 605 մ հատածի վրա։

Հուլիսի 10-11-ին Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանային ցուցանակները մոտ 1 կմ առաջ են մղվել, ինչի արդյունքում նավթատարի այդ հատվածը հայտնվել է Հարավային Օսիայի տարածքում։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն էր հայտնել «ռուս օկուպացիոն ուժերի գործողությունների կապակցությամբ, որոնք ուղղված են իրավիճակի ապակայունացմանը և տեղում սպառնալիք են ստեղծում խաղաղության և անվտանգության համար»։

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին սահմանային արգելափակոցների առաջ մղելը համարել է Ռուսաստանի «հեռուն գնացող չարամիտ նպատակ»։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ դա Ռուսաստանի հետախուզական գործողություն է։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ցխինվալիի օկուպացված գոտում ցուցանակների տեղադրումը սադրիչ և չարդարացված գործողություն է։ Այնուամենայնիվ, նա բոլորին հանդարտության կոչ է արել, ասել է, որ պետք չէ ավելորդ խուճապի մեջ ընկնել։ Ղարիբաշվիլին ասել է՝ փաստը, որ այդ տարածքը Վրաստանի վերահսկողության տակ չէր գտնվում, գիտեին բոլորը։

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունները կուսումնասիրեն նման սադրանքները, և պրոցեսը կդադարեցվի։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ասել է, որ իրավիճակը ոչ մի կերպ ազդեցություն չի ունենա իր երկրի ռազմավարական տարանցիկ նշանակության վրա։

«Ինքնիշխան Վրաստանի տարածքի յուրաքանչյուր մետրի բաժանումը անընդունելի է։ Դա հատկապես անընդունելի է, երբ այդպիսի բաժանարար գիծը անցկացվում է ռազմավարական օբյեկտների մոտով։ Որպես տարանցիկ երկիր, որը մենք արդյունավետորեն զարգացրել ենք, Վրաստանի նշանակությունը ոչ միայն չի ընկնի, այլ նաև ապագայում ավելի կամրապնդվի»,- ասել է նախագահը։

«Գրուզիա օնլայն»-ը նշել է, որ սահմանագիծը ընդհուպ մոտեցել է ավտոմայրուղուն և ընդամենը 450 մետր է հեռու տրանսպորտային գլխավոր ճանապարհից, որը ռազմավարական նշանակություն ունի։ Այս ճանապարհը կապում է ոչ միայն Վրաստանի արևելյան և արևմտյան շրջանները, այլև այս ճանապարհից են օգտվում հարևան Հայաստանը և Ադրբեջանը Սև ծովի նավահանգստային քաղաքներ և Թուրքիա հասնելու համար։

Այսօր Ռուսատանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով Վրաստանի իշխանությունների մտահոգություններին։ ՌԴ արտաքին գերատեսչությունը նշում է, որ ռուսական կողմից սահմանի իբր տեղաշարժը մտացածին է։

Այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Վրաստանի փոխարտգործնախարարներ Գրիգորի Կարասինի և Դավիթ Դոնդուայի միջև։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Դոնդուան մեղադրանքներ է ներկայացրել Ռուսաստանի սահմանային նշանները Վրաստանի տարածք խորացնելու համար, սակայն ռուսական կողմից ընդգծվել է, որ այդ մեղադրանքները սխալ հասցեով են ուղղվում։

«Սահմանային գծի հետ կապված ցանկացած խնդիր պետք է քննարկել հարավօսական կողմի հետ»,- պատասխանել են Մոսկվայից՝ նշելով, որ սահմանային գծի ոչ մի տեղափոխություն չի եղել, նշանները վերականգնվել են այնտեղ, որտեղ նախկինում տեղադրված են եղել։

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, իսկ վերջերս էլ նրանց հետ կնքել է ռազմավարական համագործակցության և ինտեգրման նոր պայմանագրեր։ Թբիլիսին Վրաստանից անջատված Հարավային Օսիան և Աբխազիան համարում է օկուպացված տարածքներ։

XS
SM
MD
LG