Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանները ակտիվիստներին են այցելում «ահաբեկելու» նպատակով․ իրավապաշտպան


Մուրադ Վարձելյանը վերջին օրերին արդեն երկրորդ անգամ է Ոստիկանության Արաբկիրի բաժնում: Առաջինը հունիսի 23-ի առավոտյան էր, երբ հոսանքի թանկացման դեմ պայքարող ընկերների հետ բերման ենթարկվեց Բաղրամյան պողոտայից: Այսօր եկել էր դատաբժշկական փորձաքննություն անցնելու մասին որոշումը ստանալու, քանի որ բերման ենթարկվելիս վնասվածքներ էր ստացել ու դիմել բժշկի:

«Ոտքի վրա էի վնասվածքներ ստացել, թևիս վրա՝ քերծվածքներ, ու մի երեք հատ էլ մահակով խփել էին ավտոմեքենայի մեջ, էդ էլ առանձնապես բան չկար, նորմալ չէր էլ ցավում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարձելյանը:

Չնայած 22 օր է անցել, քննիչը նոր է որոշել ակտիվիստին դատաբժշկական փորձաքննության ուղարկել:

Հոսանքի թանկացման դեմ ակցիաներից հետո ոչ միայն Մուրադն է գալիս ոստիկանություն, այլ նաև իրավապահներն են այցելում իր բնակարան, վերջին օրերին՝ արդեն երկու անգամ:

«Օպերլիազորներից փոքր եղբորս էին հարցրել, իսկ թաղայինը եկել էր՝ իբր թաղայինի տեղակալն է, ընդհանուր ճշտումներ են կատարում բնակիչների և այլնի մասին, բայց հետո մաման հարցրել էր՝ ինչի՞ հետ է կապված, որ երկուսը միանգամից եկել են, ասել էր՝ հնարավո՞ր է նստացույցի հետ է կապված լինի, ասել էր՝ հա», - պատմեց ակտիվիստը:

Վարձելյանը էլեկտրաէներգիան չթանկացնելու պահանջով փողոց դուրս եկած երիտասարդներից միակը չէ, ում բնակարան այցելում են իրավապահները: Միհր Ավագյանին, օրինակ, այցելել է նոր թաղայինը՝ ծանոթանալու համար: Երիտասարդը նշում է, որ տարօրինակ պատահականությամբ, հենց ինքը որևէ ակցիայից հետո բերման է ենթարկվում ոստիկանական բաժին, թաղայինները փոխվում են և այցելում իրենց բնակարան՝ ծանոթանալու:

«Դուռը ծեծեցին, բացեցի, քաղաքացիական հագուստով մի մարդ ներս մտավ՝ առանց ներկայանալու, ասաց՝ պետք է բոլորի անձնագրերը նայեմ: Ասացի՝ իրավունք չունեք, որովհետև ոչ որոշում ունեք, ոչ՝ վկայական, ասաց՝ լավ, գոնե ապրողների անունները ու՝ որտեղ են աշխատում: Ոչ մի տվյալ չտվեցի»:

«Հետո հարցրեց՝ աշխատո՞ւմ ես, ասացի՝ չէ, հարցրեց՝ սովորո՞ւմ ես, ասացի՝ չէ, հարցրեց՝ ի՞նչ ես անում, ասացի՝ ոչ մի բան, ասաց՝ դե լավ է էլի, պարապ ես մնում, ուրիշ բաներով ես զբաղվում: Ասացի՝ ի՞նչ, ու տեսավ ձեռքիս հեռախոսը, հասկացավ, որ ձայնագրում եմ, ասաց՝ չէ, չէ, ես ոչ մի բան նկատի չունեմ, ուզում եմ ասեմ, որ պարապ մնալուց կարող ես ուրիշ բաներով զբաղվես, բայց նկատի ուներ ցույցերի գնալը», - նշեց Միհր Ավագյանը:

Ակտիվիստների խոսքով, իրենց բնակարաններ են այցելում տարբեր պատրվակներով՝ փորձելով ճշտել հնարավորինս շատ տվյալներ: Միհր Ավագյանի կարծիքով, ծնողների կամ իրենց աշխատավայրերը ճշտելը, անձնագրերի տվյալները արձանագրելը հետագայում կարող է օգտագործվել ինչ-ինչ ճնշումներ գործադրելու համար:

Ոստիկանությունը չի հերքում այցելությունների փաստը: Ճնշումների մասին ակտիվիստների պնդումները, սակայն, նրանց սեփական սուբյեկտիվ կարծիքն է որակում:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ երկմտում է՝ գուցե իրավապահները Աստվածաշունչ են նվեր տանում ակտիվիստներին՝ հիշեցնելով ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանի՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին ծննդյան օրվա առթիվ նվիրած Աստվածաշունչը:

«Իրավունք չունես և վերջ: Ի՞նչ գործ ունի իրավապահ մարմինը քաղաքացու տանը, որը քրեական հետապնդման մեջ չի, որը ազատ քաղաքացի է, ի՞նչ իրավունք ունես դու այցելելու նրանց: Նպատակը պարզ է ինձ համար՝ այն է, որ քաղաքացիական ակտիվ երիտասարդներին ահաբեկեն: Ես նկատի ունեմ․․․ Տարբեր մոտեցումներ կան՝ համոզել, ինչ-որ բան առաջարկել», - ասաց իրավապաշտպանը:

Երիտասարդները, սակայն, շեշտում են՝ անկախ ուղղակի և անուղղակի ճնշումներից, հետամուտ են լինելու իրենց պահանջների կատարմանը և հետ չեն կանգնելու իրենց իրավունքների համար պայքարելուց:

«Էդ էժան մեթոդների ժամանակն անցել է մի քիչ: Դժվար թե իրենք ինչ-որ մեկի վրա կարողանան ազդել», - ասաց ակտիվիստ Անտոն Իվչենկոն:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG