Մատչելիության հղումներ

logo-print

Խմբագիրները Հայաստանում «ազատ մամուլի նկատմամբ ճնշումներ» են արձանագրում


Առաջատար մի շարք թերթերի և էլեկտրոնային պարբերականների խմբագիրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում արձանագրում են, որ «Հայաստանում ազատ մամուլի նկատմամբ ճնշումները ոչ միայն չեն թուլանում, այլ ձեռք են բերում նորանոր, առավել անհաղթահարելի դրսեւորումներ»:

Հայտարարության հեղինակները, մասնավորապես, անդրադառնում են հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ ցույցի մասնակիցների, ինչպես նաև ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանության գործադրած բռնություններին, վերջիններիս մասնագիտական տեխնիկան կոտրելու, հիշողության կրիչների առգրավվման դեպքերին, նկատելով․«Հատկապես մտահոգիչ է այն, որ բռնության ենթարկված բոլոր լրագրողներն էլ կրում էին համպատասխան վկայագրերը և նրանց` լրագրող լինելու մասին ոստիկանության աշխատակիցները քաջատեղյակ էին, ուստի կարելի է արձանգրել, որ հունիսի 23-ին ոստիկանությունը միտումնավոր կերպով փորձ է արել խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Մտահոգիչ է նաեւ այն, որ այս արարքին անմիջապես համապատասխան իրավական ընթացք չտրվեց: Ամբողջ տասն օր երկմտելուց հետո միայն` հուլիսի 3 –ին, օրենքով սահմանված վերջին օրը Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց: 2004թ. ապրիլից հետո սա աննախադեպ երեւույթ է, որը համապատասխան իրավական գնահատականի չարժանանալու դեպքում կարող է անցանկալի հետևանքներ ունենալ Հայաստանում խոսքի ազատության վրա»:

Խմբագիրներն արձագանքում են նաև Քննչական կոմիտեում iLur.am կայքի պատասխանատուի նկատմամբ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործին: Հիշեցնելով և «անթույլատրելի» գնահատելով անցած տարի երկու լրատվամիջոցի՝ iLur.am-ի եւ «Հրապարակ»-ի նկատմամբ՝ ինֆորմացիայի աղբյուրը հրապարակելու պարտադրանքով դատական ուժի մեջ մտած վճիռը, խմբագիրները նշում են․«Մամուլի վրա այս ակնհայտ հարձակումից զատ վերջին օրերին փորձ է արվում վերաթարմացնել նաեւ Հայաստանում անկախ մամուլին դատական գործընթացների միջոցով ֆինանսական ճնշումների ենթարկելու պրակտիկան»:

Թվարկելով նման փաստերի մի քանի օրինակ, խմբագիրները եզրակացնում են․«Մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների ղեկավարներս, դատապարտում ենք խոսքի ազատության դեմ իրականացվող վերը թվարկված բռնաճնշումների բոլոր ձևերը՝ կոչ անելով իշխանություններին 1. ձեռնպահ մնալ մամուլի գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլից, 2. ձեռնարկել միջոցներ լրատվամիջոցներին օժանդակելու, նրանց գործունեության անկախության երաշխավորը լինելու ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG